20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող վճռվել առանց նրա մասնակցության. Բակո Սահակյան

Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող վճռվել առանց նրա մասնակցության։ Այս մասին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովում։

Ինչպես նշեց Արցախի նախագահը, առաջին անգամ է տեղի ունենում Արցախի բարեկամների համաժողով, որը միավորել է քաղաքական եւ հասարակական գործիչների, իրավապաշտպանների եւ լրագրողների տարբեր երկրներից, Արցախի հետ բարեկամության խմբերի եւ շրջանակների անդամների, նրանց, ովքեր ճանաչել են Արցախը կամ համագործակցում են նրա հետ։

«Դուք տարիներ շարունակ աշխատանք եք տանում՝ աջակցության եւ միջազգային հարթակներում Արցախի մասին տեղեկատվության տարածման համար, երկկողմ հարաբերությունների եւ ծրագրերի իրականացման համար։ Մենք երախտապարտ ենք ձեզ եւ բարձր ենք գնահատում ձեր առաքելությունը, հպարտանում ձեզ հետ բարեկամությամբ»,- ասել է Բակո Սահակյանը։

Նրա խոսքով՝ համաժողովում քննարկվող հարցերն անդրադառնում են Արցախի կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ Այս համատեքստում կարեւոր է մեկ անգամ եւս ներկայացնել Արցախի պետականակերտման տեսլականը։ «Մեզ համար ամենակարեւորը Արցախի անվտանգության ապահովումն է բոլոր մակարդակներում։ Անգամ անվտանգության աննշան թուլացումը հակառակորդին գայթակղում է դիմել նոր ագրեսիայի, ինչն ինքնին հղի է անկանխատեսելի հետեւանքներով։ Ուստի, անվտանգության հարցերն առաջնահերթ են այդ թվում բանակցային գործընթացում։ Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, բանակցային սեղանի շուրջ։ Բայց դա անհնար է՝ առանց լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ Արցախի մասնակցության։ Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող վճռվել առանց նրա մասնակցության, եւ մեզ համար անհնար է վերադարձն անցյալին՝ լինի կարգավիճակի, թե սահմանների հարցը»,- ասել է Բակո Սահակյանը։

Արցախի նախագահը հիշեցրել է, որ Արցախի արտաքին քաղաքականության հիմքում մնում են հավասարակշռվածության եւ բազմավեկտորության սկզբունքները։ Մեզ համար կարեւոր են հավասար բարյացակամ հարաբերություններն ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ, նշել է Սահակյանը։ Նրա խոսքով՝ պաշտոնական Ստեփանակերտը կշարունակի հատուկ տեղ հատկացնել առանձին երկրների եւ կազմակերպությունների հետ հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը։ Առաջնահերթ խնդիրների շարքում նա նշել է Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը։ Համոզված եմ, որ մեզ կհաջողվի արդյունավետորեն լուծել առաջադրված խնդիրները, ամփոփել է Բակո Սահակյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ