Նախատեսվում է շրջանառության հարկը 3,5-ից նվազեցնել 1 տոկոսի
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում զեկուցվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՓՄՁ-ների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած ինտենսիվ քննարկումների արդյունքները:
Մասնավորապես, տեղեկացվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքով՝ դրա արդյունքում շուրջ 39 հազար 500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների համար էականորեն կթեթեւանա շրջանառության հարկը, չնայած նրան, որ պետության տարեկան եկամուտները կնվազեն 8 մլրդ դրամով:
Բացի այդ, ծրագրվում է Հայաստանում ներդնել ընտանեկան բիզնես կարգավիճակ: Այսինքն` տարեկան 12 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք կգրանցվեն ընտանեկան բիզնես կարգավիճակով, կազատվեն հարկերից:
Հաջորդ քայլով նախատեսվում է ՓՄՁ-ի համար փաստաթղթաշրջանառությունը դարձնել պարտադիր պայման, սակայն փաստաթղթի առկայությունը հարկային մարմինը կստուգի պարզեցված ընթացակարգով: Հարկային մարմնին տրամադրվելու է աշխատանքային մեկ օր՝ ՓՄՁ-ի մոտ փաստաթղթի առկայությունը ստուգելու համար: Փաստաթղթի բացակայության դեպքում առաջարկվում է կարգավորման մի քանի փուլային եղանակ:
Մասնավորապես, մինչ 2015 թվականի հունվարի 1-ը նախատեսվում է պատասխանատվությունը տարանջատել. սուբյեկտի նկատմամբ նախ կկիրառվի նախազգուշացում, որից հետո 20 հազար դրամ տուգանք: Երրորդ խախտման դեպքում կկիրառվի հինգ տոկոսի շրջանառության հարկ՝ հաշվարկված տարվա սկզբից, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում: Միրումյանը նշել է, որ կատարվել է տարանջատում, որպեսզի ՓՄՁ-ների վրա այդ ազդեցությունը ցավոտ չլինի:
Ծրագրվում է 2015թ.-ից հանել նախազգուշացման, իսկ 2016թ.-ից՝ տուգանքի ինստիտուտը: Այսինքն, 2016թ.-ի հունվարի մեկից եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, ապա հարկը կվճարի ավելի բարձր՝ 5 տոկոս դրույքաչափով: Երկրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ դաշտում:
Զուգահեռաբար ներմուծվելու է “օրինապահ հարկատու” համակարգը, ինչը նշանակում է, որ ՓՄՁ-ն կկարողանա գրանցումներ կատարել իրեն փաստաթուղթ չտրամադրած տնտեսվարող սուբյկեկտների վերաբերյալ: Այս պարագայում կհամարվի, որ ՓՄՁ-ն հիմնավորել է տվյալ ապրանքի մասով փաստաթղթի առկայությունը: Տվյալ դեպքում հարկային մարմնի գործողություննեն ուղղված կլինեն խոշոր բիզնեսին:
Ուժեղացվելու են նաեւ խոշորի նկատմամբ գործողությունները՝ փաստաթղթաշրջանառության ապահովման ուղղությամբ:
Նախատեսվում է՝ ՀՀ ֆինանսնների նախարարության եւ ՓՄՁ-ների միջեւ ձեւավորել միասնական խորհուրդ, որն արագորեն կարձագանքի հնարավոր սուբյեկտիվ դրսեւորումներին՝ առկա խնդիրները կարգավորելու համար:
Այնուհետեւ հանդիպմանը ներկա ՓՄՁ եւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է կառավարության եւ մասնավոր հատվածի միջեւ տեղի ունեցած քննարկումների արդյունքները եւ հանձնարել հնչեցված առաջարկությունները քննարկել եւ օրենսդրական լուծումները ներկայացնել Ազգային ժողով:
“ՓՄՁ-ները եւ խոշոր բիզնեսը պետք է օժանդակեն տնտեսության զարգացմանը, իսկ կառավարությունը սատարի ձեզ՝ աշխատելու համար, որպեսզի կարողանաք հարկեր վճարել: Մեր քննարկումները, հանդիպումները պետք է լինեն շարունակական: Կառավարության ուշադրության կենտրոնում առաջին հերթին լինելու է տնտեսությունը եւ դրան զուգահեռ մենք պետք է յուրաքանչյուր ՓՄՁ-ի համար լինենք ուշադիր եւ զարգանալու հնարավորություն տանք“,- ամփոփելով նիստը՝ նշել է կառավարության ղեկավարը: