Թույլ մի տվեք, որ մարդ ով անգամ չգիտի թե իր ղեկավարած մարզն ու հայրենիքը քանի կիլոմետր է, գյուղի առօրյան խառնի, բաց նամակ
Աժ նախագահ՝ Արարատ Միրզոյանին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ Լիլիթ Մակունցին
ԲՀԿ խմբակցության ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար՝ Էդմոն Մարուքյանին
Մարդու իրավունքների պաշտպան՝ Արման Թաթոյանին
Հարգելի օրենսդիրնե՛ր, արդեն երրորդ օրն է, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում խախտվում է ՏԻՄ օրենսգիրքը, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները:
2016թ-ի սեպտեմբերին 18-ին, Նորաշեն համայնքի 1024 բնակիչ իր ձայնն է տվել ներկայիս գյուղապետ Նորայր Գրիգորյանին: Հավատացե՛ք, երեք տարիների ընթացքում, նրա կատարած աշխատանքների, եւ մարդկային պարզ հարաբերությունների շնորհիվ այդ թիվը մի քանի հարյուրով ավելացել է:
Սակայն, այսօր, համայնքի անդորրը խռովված է, քանի որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, քիննախնդրության պատճառով Նորաշենի ավագանիներից չորսին համայնքապետի դեմ տրամադրելով, հասավ նրան, որ կեղծ հիմքերով համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու կարգադրություն է տվել, եւ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ավագանու անդամի լիազորությունները վայր չդրած Արտակ Հարությունյանին:
Ինչպես կարգադրությունը, այնպես էլ ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին ինչ-որ անօրինական թերթիկներ ցույց տալով, մարզպետը խախտում է թե՛ ՏԻՄ օրենքը, թե՛ երկրի մայր օրենքը՝ Սահմնադրությունը, բռնանալով քաղաքացու ազատ ընտրության վրա:
ԶԼՄ-ներին եւ պատկան մարմիններին ներկայացվում է, թե Նորայր Գրիգորյանը վեց ամիս ավագանու նիստ չի հրավիրել, դա ակնհայտ սուտ է, որը բացահայտող փաստերն արդեն հրապարակել ենք: Ու, հիմա, երբ այդ կեղծիքը հանրայնացվել է Գարիկ Սարգսյանը՝ խուսափելով պատասխանատվությունից չի նահանջում եւ շարունակում է ապօրինությունը:
Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ, բռնե՛ք օրենքը խախտող ձեռքը, որ մենք՝ շարքային քաղաքացիներս կասկածի տակ չառնենք մեր երկրում օրենքի գերակայությանը: Մի թույլ տվե՛ք, որ անձը՝ ոտնահարելով օրենքները, շրջանցի մայր օրենքն ու դառնա նախադեպ մյուս պաշտոնյաների համար՝ իրենց անհաճո մարդկանցից ազատվել օրենքի վրայով լոք անելով:
Թույլ մի տվեք, որ ՀՀ քաղաքացու իրավունքները ոտնահարվի, մենք մեր ընտրությունը կատարել ենք 2016թ-ին, հաջորդ ընտրությունը 2020թ-ին է, մի խանգարեք մեզ ապրել, թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը, ով տարբեր սկանդալային իրավիճակներում է հայտնվել, մարդ ով անգամ չգիտի թե իր ղեկավարած մարզն ու հայրենիքը քանի կիլոմետր է, մի ամբողջ գյուղի առօրյան խառնի:
Արդեն քանի տարի լսում ենք՝ «շրջվենք դեմքով դեպի գյուղացին», այո՛, մի պահ շրջվե՛ք, ու կտեսնեք ինչ է կատարվում Նորաշենում, սա մի խայտառակ պատմություն է, որտեղ ոտնահարվում են մարդու եւ երկրի բոլոր օրենքները:
Հարգանքով՝ նորաշենցիներ
02/10/2019թ.