Սրա կամ նրա քմահաճույքով չէ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը ծանոթ չէ էլեկտրաէներգիայի թանկացման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հաղորդագրությանը և նշված հիմնավորմանը, որի համաձայն թանկացում է լինելու: Henaran.am-ի հետ զրույցում Բադեյանը, սակայն նկատեց, որ, անկասկած, պատճառաբանությունները պետք է մեծ կշիռ ունենան, որպեսզի այդպիսի վճիռ կայացվի:
՛՛Գինը պետք է համարժեք լինի կատարվող ողջամիտ ծախսերին, որպեսզի ապահովվի վերարտադրությունը և ընդլայնվի, դա պարզ տնտեսագիտական հաշվարկ է: Հանձնաժողովը պետք է խորաթափանց լինի ծախսերի կառուցվածքին և ծավալին և ըստ դրա պետք է որոշվի սակագինը՛՛,-ասաց նա: Ըստ Բադեյանի՝ թանկացման համար հիմնավոր պատճառ է պետք:
՛՛Սկզբունքորեն գինը ոչ թե ձևավորվում է սրա կամ նրա քմահաճույքով, սրա նրա ուզելով, այլ պետք է հիմնավորված լինի՛՛:
Հիշեցնենք, որ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար, որի բացն էլ կլրացվի սպառողներին մատակարարվող սակագնի բարձրացմամբ: