Ինչու “տեր չեն կանգնում” Գորիսի դժգոհություններին. Հայոց աշխարհ
Այս կիրակի հանրապետության գրեթե վեց տասնյակ համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, կարելի է ասել, կրկին անցան առանց անակնկալների: Հիմնականում ընտրվել կամ վերընտրվել են իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կամ սատարած թեկնածուները:
Ըստ “Հայոց աշխարհ”-ի, դա, ըստ էության, օրինաչափության է վերածվում։ Ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժերը, որպես կանոն, կամ չեն մասնակցում, կամ բավական համեստ են մասնակցում ՏԻՄ ընտրություններին:
Եթե դիտարկենք կոնկրետ Գորիսը, ապա այստեղ էլ նույնն է՝ բազում սոցիալական ու տնտեսական խնդիրներ, դրանցով պայմանավորված դժգոհություններ ու պահանջներ, գումարած՝ անցյալ տարվա հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպը, դրանից բխող հետեւանքներով, զարգացումներով եւ գորիսցիների միջավայրում տիրող ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտով:
Բարի: Առաջադրվեց, օրինակ, Արա Բուդաղյանը: Արդյոք որեւէ քաղաքական ուժ փորձե՞ց նեցուկ լինել նրան: Չենք խոսում արդեն այն մասին, որ “որեւէ քաղաքական ուժ” պետք է սեփական նախաձեռնությամբ արդեն ակտիվորեն ներգրավված լիներ նախընտրական գործընթացներում: Լավ, 100 կամ 150 ընտրող ունեցող փոքրիկ գյուղում լուրջ չէ ակնկալել, ասենք, “Ժառանգության” կամ ՀԱԿ-ի ակտիվությունը, բայց գոնե քաղաքներում պե՞տք է ինչ-որ կերպ երեւա նաեւ ընդդիմադիր կուսակցությունների գոյությունը: Չէ՛, չի երեւում, դատելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից:
Դիցուք, Գորիսում կա դժգոհություն: Կամ սպասումներ: Ո՞ր քաղաքական ուժն է փորձել “տեր կանգնել” այդ դժգոհություններին, սպասումներին: Ինչպե՞ս: Տեղում առհասարակ որքանո՞վ ակտիվ են գործել: Թերեւս ակնհայտ է, չէ՞, որ ոչ մի կերպ: Հակառակ պարագայում, գոնե ընտրությունների ժամանակ, ՀՀԿ-ական համայնքապետերի մրցակիցները ոչ թե համատարած անկուսակցականներ կլինեին, այլ այս կամ այն ուժի ներկայացուցիչներ, գոնե նրանց աջակցությունը վայելող թեկնածուներ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: