Այս տարի մեր քաղաքացիները պիտի յոլա՞ գնան այդ քարուքանդ ճանապարհով
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ԱԺ-ում Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց՝ արդյոք Լանջիկ – Գյումրի ճանապարհի մի հատվածի համար հատկացվելիք 60 մլն եվրո վարկը տրանշ է, թե նոր վարկ, այն մտնու՞մ է մայր գումարի մեջ, թե լրացուցիչ գումարվելու է դրան: ՛՛Այդ փոսերը, բառի բուն իմաստով, անհասկանալի ծախսեր են, հիմա անգամ փոսային նորոգումը վերապահումով պետք է ասել: Ինչու՞ չսկսել այդ տեղից: Ես հասկացա, որ այս տարի մեր քաղաքացիները պիտի յոլա գնան այդ քարուքանդ ճանապարհով, չեք հասցնելու ոչինչ անել՛՛,-հարցրեց նա:
Առաքելյանը պատասխանեց, որ տրանշն ուղղակի ծրագրի մի հատված է, իրենք ընդհանուր մայր գումարը ձևակերպմամբ չեն գերազանցում, դա նոր վարկ է, բայց ընդհանուր քարտեզի շրջանակում քննարկված գումարի մի հատվածն է: Փոխնախարարի խոսքով՝ փուլ առ փուլ կատարվում են նախագծային – նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ և վերջնական ստանում են այն գումարը, որի շրջանակում շարունակելու են: Նա տեղեկացրեց, որ Երևանի հարակից հատվածներից սկսել են, շարունակում են երկու ուղղությամբ՝ հյուսիս և հարավ:
Ինչ վերաբերում է Բավրայի հատվածին, ապա փոխնախարարը նկատեց, որ ճանապարհը վատ վիճակում է: ՛՛Որովհետև մեծ կապիտալ ներդրում է նախատեսվում այդ ոլորտում, և արդեն մի քանի տարի անց կունենանք եվրոպական A կլասի ճանապարհ, ապա մեր սակավ բյուջեից փորձում ենք այդտեղ ներդրումներ չունենալ, սակայն նախարարության ուշադրության կենտրոնում է այդ հատվածը՛՛,- եզրափակեց նա: