Գորիսի մտավորականները մի բուռ չհասած ծիրանի համար. արձագանք
Օրեր առաջ Henaran.am-ը անդրադառնալով Գորիսում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին՝ նշել էր, որ պայքարը տեղափոխվել է սոցկայքեր:
Խմբագրությունը ստացել է նամակ Հայկ Միրզոյանից, ով անդրադառնում է մտավորականների անխոնջ կռվին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ եւ առանց խմբագրման:
“Սարսափում եմ վերադարձող քաղաքակիրթ միջնադարից…
Ցավ եւ ափսոսանք եմ զգում՝ դիտարկելով մտավորական աշխարհի երկու ներկայացուցիչների անխոնջ բանակռիվը…” մի բուռ չհասած ծիրանի համար”: Չեմ կարողանում պատկերացնել, որ բանակռվի նյութը նրանց ցանկություններից եւ հնարավորություններից դուրս ընտրապայքարն է:
Չեմ կարողանում հասկանալ նաեւ պ. Ս. Ալեքսանյանի զայրույթը ֆեյսբուքյան արդեն հանրահայտ գրառման առթիվ, առավել եւս՝ սրբագրման նրա մարմաջը: Հասկանալի չէ այն, որ հիշյալ գրառումը, որում հեղինակի խոսքերով “կարող են լինել ժպիտներ, բազմակետեր ու կախման կետեր, ոճական բազմաթիվ հնարքներ, չեն բացառվում նաեւ վրիպակներ”, Սամվել Ալեքսանյանի ջանքերով բարձրացվեց հոդվածի աստիճանի՝ ըստ երեւույթին, նրա վրա թափելու դպրոցական գրագիտության իր ողջ զինապահուստը: Հասկանալի է մյուսը՝ այն, որ պարոնը վիրավորվել է՝ իր գլխին ինքնակոչ խրատատու տեսնելով:
Ինչ խոսք, վիրավորական է, որ քաղաքական հոսհոսության ասպարեզում թրծված եւ գլխարկի գույնը տասն անգամ փոխած օտյանական մակաբույծին խրատներ տալու անհաջող փորձ է անում անփորձ մեկը, ով երբե´ք եւ ո´չ մի ճնշման տակ չի փոխել քաղաքական իր դիրքորոշումը, որքան էլ որ դրանից տուժել է:
Վիրավորական է նաեւ, որ այդպիսի մեկը ոտնձգություն է արել գրչամոլի նրա մենաշնորհի նկատմամբ եւ թեկուզ ֆեյսբուքյան գրառման մակարդակով հանդգնել խախտելու “սամվելալեքսանյանական” մամլո անձեռնմխելի տիրույթը:
Վիրավորական է եւ խիստ զարմանահարույց, քանի որ իր սեւագրիչ գործունեության բազմամյակներում ոչ ոք չի հանդգնել նրանից պատասխան պահանջելու. այդ ո՞ր իրավունքով է տգետ, մուրացիկ, կաշառակեր եւ անպատիվ համարում մտավորական մի ամբողջ աշխատախմբի, ով մայրաքաղաքային պայմաններից հեռու աշխատում, արարում եւ հասարակությանն ու գիտությանն է տալիս ասպիրանտների ու հայցորդների, ո՞ր իրավունքով է ԲՈՀ-ի (Բարձրագույն որակավորման հարձնաժողով) տված կոչումը դարձնում համալսարանի ռեկտորի առանձնասենյակի նյութ կամ, որ առավել զավեշտական է, “Սյունյաց երկրի” քննության առարկա (ամենայն հավանականությամբ, հոդվածագիրն այնքան է տարված իր ներքին անմարմին թույնը որեւէ կերպաձեւումի մեջ դնելու հոգսերով, որ ժամանակ կամ հնարավորություն չունի տեղեկանալու գիտական կոչումներ շնորհելու կարգին ), ո՞ր իրավունքով է մարդուն անձնական վիրավորանք հասցնում, դեռ մի բան էլ հաջողված դերասանի ճարպկությամբ երկնային բարձունքներին հղում իր չնչին, մանր ու նսեմ հոգու “մեղա”-ն… Կարծում ենք՝ անպատժելիության իրավունքով:
Մեկը, որ պատեհ-անպատեհ առիթով առնում է դատավորական “մուրճիկը” եւ հարվածում Գորիսի պետական համալսարանի գլխին (է´հ, “խելոք” մարդիկ են էլի, ե՞րբ են ձեն հանել որ …), մեկը, որ հաստատ գիտակցում է այդ կրթօջախի՝ մարզը երիտասարդության արտահոսքից փրկելու կարեւորությունը, բայց միտված է անվստահություն եւ քամահրանք սերմանելու հասարակության մեջ, մեկը, ում համար ԳՊՀ-ի դասախոսը համարժեք է անգրագիտության խորհրդանիշի (իր աղջկան նրանց կազմում տեսնելու անհաջող փորձից հետո), մեկը, ով “համայնքի ծովից է խոսում, բայց դեպի իր լճակն է հոսում”, իրավամբ, պիտի կոչվի մանրուք. ժամանակին դրամբյաններից սրտնեղած մեծությունը՝ Հ. Թումանյանը, ասել է. “Փոքրիկ արարածներն են կյանք թունավորում, մեծ արարածները թույն չունեն, նրանք միայն կյանք կարող են տալ”:
Մեծերը, ցավոք, երբեմն նաեւ վախենում են.
-Վախենում եմ ես իմ անվան,
Պատվի համար՝
Որքան անբիծ,
Նույնքան նաեւ չպաշտպանված
Զրպարտության թուխպ ու ամպից…
Վախենում եմ ես թույլերից.
Այդ նրանք են ամենից շատ
Ստորություն անում կյանքում…
Սարսափում եմ վերադարձող
Քաղաքակիրթ միջնադարից…
Հայկ Միրզոյան”: