Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը Սերժ Սարգսյանին
Հեղափոխության ալիքով պայմանավորված` բարձր ռեյտինգի և լեգիտիմության հետհաշվարկը լրջորեն անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանին, նշում է hayeli.am-ը:
Նա անընդհատ փորձում է օրեցօր աճող հանրային դժգոհության ալիքը մեղմել, այսպես կոչված, հաջողության գործակցի էֆեկտով: Ընդ որում, այդ պատասխանատու գործը նա որևէ մեկին, բացի ինքն իրենից, չի վստահում: Անում է անձամբ: Ամեն օր ՖԲ իր էջում վարչապետը առաջընթացի և արդյունավետ աշխատանքի մասին վկայող տվյալներ է հրապարակում:Հերթական անգամ նա անդրադարձել է աշխատատեղերի հարցին` անթաքույց ինքնագովեստով. «Ճշգրտված տվյալը հետեւյալն է. 2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը Հայաստանում ավելացել է 64 հազար 899: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը՝ կազմելով 606 հազար 40»,- Ֆեյսբուքայն էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նախ արժի ճշգրտել, թե վարչապետի պատկերացմամբ` Հայաստանի պատմությունը երբվանից է սկսվում: Խորհրդային Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն անհամեմատ ավելի մեծ էր, բայց դա ոչինչ: Փաշինյանը հավանաբար նկատի է ունեցել Հայաստանի անկախությունից ի վեր պատմական շրջանը:
Հիմա թվերի մասին` ըստ պաշտոնական վիճակագրության` այս տարվա հունվարին գրանցված է եղել է 560 հազար 586 աշխատող։ Անցած տարվա հունվարին այդ թիվը 509 հազար 934 էր։ Եթե հիմա, ինչպես Փաշինյանն է պնդում, պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը 606 հազար 40 է, ստացվում է, որ 2018 թվականի հունվարից հետո գրանցված աշխատողների թիվն ավելացել է 96 հազար 106-ով:
Եթե այդ թվից հանեք 2018 թվականի մայսիսից, այսինքն` հեղափոխությունից հետո ստեղծված կամ գրանցված աշխատոզների թիվը, ապա կստացվի, որ 2018 թվականի հունվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում ստեղծվել է շուրջ 31207 աշխատատեղ: Այսինքն` նախկին իշխանությունների օրոք ամսական միջին հաշվով ստեղծվել է ավելի քան 7800 աշխատատեղ /մայիսին հազիվ թե աշխատատեղ ստեղծվեր, բայց եթե անգամ մայիսին էլ հաշվենք, ապա մեկ ամսվա կտրվածքով ստեղծված աշխատատեղերի թիվը կստացվի 6241: Մինչդեռ հեղափոխությունից հետո, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվերը ճիշտ են, ապա ստացվում է, որ 15 ամսվա կտրվածքով ամսական միջինը ստեղծվել, պաշտոնապես գրանցվել կամ ստվերից դուրս է բերվել 4326 աշխատատեղ: Այսինքն` աշխատատեղերի գրանցման և ստեղծման տեմպը հեղափոխությունից հետո նվազել է նվազագույնը 31 տոկոսով:
Բացի այդ` 64 հազար աշխատողները նոր աշխատողներ չեն, դրանք առավելապես տնտեսության մեջ նախկինում ստեղծված աշխատատեղեր են, որոնք պաշտոնապես գրանցված չեն եղել, իսկ այժմ գրանցվել են: Հակառակ պարագայում, եթե դրանք լինեին նոր աշխատատեղեր, այդ մասին գրելու, լայվ մտնելու և անգամ բանաստեղծություն հորինելու գայթակղությանը Նիկոլ Փաշինյանը հազիվ թե դիմանար: Բայց սա ի միջի այլոց:
Հիմա հարց` ինչու Նիկոլ Փաշինյանը չի ասում ողջ ճշմարտությունը և չի հայտարարում, որ իր կառավարությունն ավելի վատ է աշխատում, քան նախկինը: Բառացի չի ասում, բայց հրապարակում է թվեր, որոնք այլ կերպ նշանակում են` շնորհակալություն նախկիններին:
Հայկ Դավթյան