Հունվարից Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու. Փաստ
Ներկայումս հետհեղափոխական էյֆորիան արդեն անցյալում է, և իշխանությունները մնացել են խնդիրներին դեմ հանդիման։ Առանցքային նշանակություն ունեցող պրոբլեմներից ամենաակտուալն այս պահին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցն է, որի վերջնական լուծումն այդպես էլ մնում է մշուշապատ։
Ամուլսարի խնդիրը լուծելուց որոշ ժամանակ անց կառավարությունն արդեն բախվելու է այլ խնդիրների: Մասնավորաբար, հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը զրկվելու է երրորդ երկրներից արտոնյալ պայմաններով տրանսպորտային միջոցներ ներմուծելու այն նպաստավոր հնարավորությունից, ինչի շնորհիվ հատկապես վերջին երկու տարիներին մեր երկիրը ԵՏՄ տարածքում դարձել էր ավտոմեքենաների առք ու վաճառքի շահեկան հարթակ։
Մաքսատուրքերի բարձրացման արդյունքում, ըստ մամուլի հրապարակումների, իր եկամտի աղբյուրից զրկվելու է 10-ից մինչև 15 հազար մարդ, իսկ պետբյուջեն կորցնելու է մոտ 150 մլն դոլարի չափ գումար։
Եվ եթե նշված մարդկանց թվին էլ գումարում ենք իշխանափոխությունից հետո համատարած կրճատումների ալիքի տակ ընկած քաղաքացիներին, ապա ստացվում է, որ հունվարից հետո մեր երկիրը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ է կանգնելու՝ կապված գործազրկության տեմպերի կտրուկ աճի հետ։
Իրավիճակը մեղմելու ուղղությամբ համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում նույնիսկ հնարավոր է սոցիալական բունտ հասունանա։ Իջևանն ու Ջերմուկը՝ վկա:
Իրադրությունը պահանջում է կտրուկ քայլեր տնտեսությունն ակտիվացնելու և աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, սակայն կառավարությունը դեռևս դժվար է գնահատում (եթե ընդհանրապես գնահատում է) իրավիճակի ողջ լրջությունը, քանի որ տատանվում է վճռական որոշումներ ընդունելիս։
Կառավարության կրավորական կեցվածքը թերևս պայմանավորված է առաջին հերթին գործադիրի ղեկավարի դիրքորոշմամբ։ Փաշինյանը չի կարողանում հստակ որոշումներ ընդունել, փորձում է կարևոր հարցերում խուսափել իր վրա պատասխանատվություն վերցնելուց՝ ամեն ինչ անելով, որ հանկարծ իր կայացրած որոշումների արդյունքում չտուժի իր վարկանիշը։
Ու ամենահետաքրքիրն այն է, որ միտում է նկատվում, որ եթե վարչապետի կայացրած որոշումը հանդիպի քաղաքացիների դիմադրությանը և դժգոհությունների տեղիք տա, ապա վարչապետը փորձելու է այդ որոշման պատասխանատվությունը գցել այլոց վրա, ինչպես կատարվում է Ամուլսարի հանքի շուրջ տեղի ունեցող զարգացումներում:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացե թերթի այսօրվա համարում: