Սամվել Ալեքսանյանի հայտարարությունը՝ Շաբոյա՞նի դեմ
ՏՄՊՊՀ-ն 2013 թվականին բազմաթիվ ոլորտային ուսումնասիրություններ է իրականացրել՝ և դեղերի ներմուծման ու իրացման ոլորտում, և երկաթուղային տրանսպորտի, և ընդհանրապես միջմարզային տրանսպորտի, անբարեխիղճ մրցակցության ոլորտում, գովազդի բնագավառում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Հարցին՝ մեղադրանք չէր Շաբոյանի դեմ այն, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խոստովանել է, որ պատրաստ է մտնել հարկային դաշտ, աշխատել մրցակցային հավասար պայմաններում, նա բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ խնդիրն իրենց կարգավորման դաշտում չի գտնվում: ՛՛Մենաշնորհներ, գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ, մենք դրա առկայության դեմ չենք պայքարում, համաձայն այս պահին գործող օրենսդրության՝ մենք պայքարում ենք խոշոր ընկերությունների, նկատի ունեմ՝ մենաշնորհ դիրք զբաղեցնող կլինի, գերիշխող դիրք զբաղեցնող կլինի, դրանց չարաշահումների դեմ ենք պայքարում, խնդրում եմ՝ մեր օրենսդրությունն ուսումնասիրեք՛՛:
Արձագանքելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե կարող է բերել օրինակներ, երբ խոշոր ընկերություններ են տուգանվել, և անուններ նշել՝ Շաբոյանը նշեց, թե օրինակները շատ են, ապա առանձնացրեց մի դեպք՝ ՛՛Նատալի Ֆարմ՛՛՛ ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել են 50 մլն դրամի չափով: Շաբոյանը նշեց, որ հանդիպումներ են ունենում բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ, նրանք իրենց գոհունակությունն են հայտնում, որ իրենց ուսումնասիրություններից հետո շատ բան է փոխվել, տնտեսվարողներն արդեն հնարավորություն ունեն մասնակցել մրցույթների: