Մի´ փչացրեք այս երիտասարդներին. Հրապարակ
Զրուցակիցս շատ բան տեսած, երկար կյանք ապրած մարդ է՝ ժամանակին պաշտոններ զբաղեցրած, մտավոր աշխատանք կատարած: Բողոք-զարմանքս այն մասին, թե կարճ ժամանակում այս ինչ մեծամտացան նոր իշխանավորները, պահվածքի- խոսքի-վարքի ի՜նչ տրանսֆորմացիաների ենթարկվեցին, չի ընդունում: Ասում է՝ իշխանությունը գայթակղիչ բան է, քայքայող-մեծամտացնող:
Շատ մեծ հոգեկան ուժ պետք է ունենա մարդը, աչքը կուշտ լինի, կայացած ու խելացի, որ հասկանա` քծնանքն ու բազում արտոնությունները պաշտոնի հետ գալիս ու գնում են, դրանցից զարմանալ և պաշտոնին ուղղված հանրային վերաբերմունքը սեփական արժանիքներին վերագրել կարող են միայն ապուշներն ու չտեսները: Բայց դե, սրանք երիտասարդ են և, մեծ հաշվով, մեղավոր չեն, որ այսքան արագ փչանում են՝ ասում է նա:
Մեղավորը շրջապատն է, հասարակությունը, որն ամեն ինչ անում է պաշտոնյային փչացնելու, հրեշ դարձնելու համար: Ստացվում է, որ հասարակությունը մեծ եռանդով այլասերում է իր իշխանավորին, հետո նույնքան եռանդով սկսում երազել նրանից ազատվելու մասին և երբ մի կերպ ազատվում է իշխանության համն առած ու բազում արտոնություններից ոչ մի կերպ հրաժարվել չցանկացող պաշտոնյաներից, մեծ բերկրանք է ապրում:
Տարրական գիտակցություն է հարկավոր` հասկանալու համար, որ պաշտոնյան հանրային ծառայություն իրականացնող մարդ է, նրան կարելի է պահանջներ ներկայացնել, բայց սիրաշահել ու շողոքորթել ոչ մի դեպքում չի կարելի: Քծնանքն ու չափից դուրս մեծարումը փչացնում են պաշտոն զբաղեցնողին, և մենք ինքներս մեր գլխին չարիք ենք ստեղծում: Մի´ փչացրեք այս երիտասարդներին, մի´ փակեք նրանց քննադատողների բերանը, ջերմոցային պայմաններ մի´ ստեղծեք նրանց համար, որ վաղը գլխներիդ չխփեք ու չասեք՝ այս մոնստրներին ո՞նց ծնեցինք: