15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Իմ Քայլը» կպառակտվի՞: Քաղաքական ճգնաժամի սցենարով. Ժամանակ

Հիմնավո՞ր է Ամուլսարի հարցի առիթով արտահերթ խորհրդարանական ընտրության սցենարի դիտարկումը, թե՞ ոչ: Այս հարցը տարբեր հարթություններում դիտարկվում է առավելապես խորհրդարանական մեծամասնության պառակտման համատեքստում՝ հաշվի առնելով, որ այդ մեծամասնության մի զգալի մասը դեմ է հանքի շահագործմանը, ինչի նախնական մտադրությունն իշխանությունն արտահայտել է:

Իհարկե, պետք է արձանագրել, որ ամենեւին բացառելի չէ շրջադարձը եւ հայտարարությունը, որ վտանգներն այդուհանդերձ փարատված չեն, եւ Հայաստանը կայացնում է ռիսկի չգնալու որոշում: Հետո գնում ենք միջազգային արբիտրա՞ժ, թե՞ մտածում ենք առնվազն ժամանակ ձգելու որեւէ տարբերակ՝ սա այլ հարց է: Բայց եթե կայացվում է հանքի շահագործման աներկբա եւ անբեկանելի որոշում, ապա հասկանալի է, որ այն պետք է իրականացվի, այլապես կայացված, բայց չիրականացված որոշումը աշխատելու է իշխանության դեմ:

Եվ այստեղ առաջանում է հարցը՝ «Իմ քայլը» խմբակցությունը կպառակտվի՞, եւ կառաջանա՞ քաղաքական մեծամասնության ճգնաժամ: Պետք է նկատել, որ իշխող խմբակցությունն ունի բավականին մեծ տոկոս՝ «պառակտման լյուֆտի» համար: Իհարկե, վտանգի տակ կհայտնվի, այսպես ասած, երկու երրորդը, սակայն պարզ մեծամասնությունը կարող է մնալ «անձեռնմխելի»: Սա էլ անշուշտ նոր իրավիճակ է՝ հաշվի առնելով այն, որ կա Սահմանադրության փոփոխության, այսպես ասած, սահմանադրական օրենքների մեծ օրակարգ, որոնք իշխանությունից պահանջելու են հենց, այսպես ասած, երկու երրորդը՝ մեծամասնությունը: Հետեւաբար տրոհումը կարող է բերել խնդիրների:

Մյուս կողմից՝ ի՞նչ է նշանակում տրոհում, եւ արդյոք չափազանցված չէ՞ այդ դիտարկումը: Ի՞նչ են անելու պատգամավորները, որոնք դեմ են Ամուլսարին: Լքելո՞ւ են խորհրդարանը: Այդ դեպքում արդյոք ցուցակում չե՞ն լինելու փոխարինողներ: Եթե խորհրդարանը չեն լքում, արդյոք մնացյալ հարցերում պարզապես ինքնանպատակ դե՞մ են քվեարկում՝ ինչ է թե վարչապետը եւ կառավարությունը Ամուլսարի հարցում կայացրել են այլ որոշում:

Այդ հարցադրումներին հնարավոր է ավելացնել շատերը, եւ պարզ կդառնա, որ խորհրդարանական մեծամասնության ճգնաժամն այնքան էլ իրատեսական չէ: Ըստ այդմ՝ խիստ տեսական է եւ թերեւս ցանկալին իրականության տեղ դիտարկել է նշանակում այդ համատեքստում արտահերթ ընտրության պատճառահետեւանքային կապ կառուցելը:

Այլ է հարցը, որ հարցն օրակարգում տեղ ստանա ավելի լայն ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, եթե ձեւավորվի հանքի շահագործման կառավարության որոշման դեմ լայն հանրային դիմադրություն, կառավարությունն այն հաղթահարելու համար դիմի իրավապահ եւ ուժային գործիքի: Այստեղ արդեն շատ բան կախված է քաղաքական ուժերից: Նրանք կմիավորվե՞ն այդ խնդրի շուրջ, եւ կստացվի՞ ձնագնդի էֆեկտ, որն իշխանությանը կստիպի կա՛մ ձեռնամուխ լինել ուժային լայն գործողությունների, կա՛մ գնալ քաղաքական հանգուցալուծման արտահերթ ընտրական ճանապարհով:

Ամբողջ հարցը, սակայն, այն է՝ այդ ուժերի համար, որ քաղաքական ճգնաժամ հասունացնել նրանք կարող են, մինչդեռ նրանց բոլորի դեպքում թերեւս հարց է՝ իսկ կարո՞ղ են հաղթահարել խորհրդարանի անցողիկ շեմը: Ակնառու է, որ դա կարող են ոչ բոլորը՝ Փաշինյանի առաջնորդած ուժից բացի: Անգամ ներկայումս խորհրդարանում եղած մյուս երկու ուժերը: Գործնականում բոլորի համար անցողիկ շեմը խնդիր է: Դա չի նշանակում, որ ոչ ոք չի անցնի: Դա նշանակում է, որ երաշխավորված չէ, թե ով կանցնի, որովհետեւ անցնողներ անկասկած կլինեն: Իսկ այստեղ կարող է ստացվել, որ բոլորը կարող են մասնակցել քաղաքական ճգնաժամի հասունացմանը, իսկ դրանից օգտվել կկարողանա մեկ-երկու ուժ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ