03 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանը չի արձագանքում ոչ մի բանի և այս միտումները երկիրը վտանգավոր ինչ-որ տեղ են տանելու. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով BBC-ի հրապարակմանը և հարցին՝ ինչո՞ւ այդ հոդվածը հրապարակվեց հիմա, և ինչո՞ւ է այնտեղ սլաքներն ուղղվում Արցախի գեներալի վրա, նկատեց. «Փաստ է, որ նոր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գուցե գիտակցված, գուցե՝ այլ ուժերի ուղղորդմամբ կամ հորդորով, արցախյան ճակատում, բանակցություններում, անվտանգության ոլորտում առաջացրել են բազմաթիվ խնդիրներ։

Յուրի Խաչատուրովին հետ կանչեցին ՀԱՊԿ-ից, այնտեղ խնդիր առաջացավ, հրաժարվեցին Վիեննա-Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից՝ արդյունքում ստացանք Միլանի հայտարարություն, հրաժարվեցինք Ժնևի պայմանավորվածությունից՝ ստացանք Դուշանբեի վերելակ։ Բանակի հետ կապված ստացանք «դավադիր ուժեր», «օտարերկրյա գործակալներ», նման հայտարարությունները չեն կարող չազդել պետության ու ազգային անվտանգության վրա։

Մեր երկրի ղեկավարը՝ առանց փաստերի հրապարակման, բոլոր սպաներին ու գեներալներին հավասարեցրեց ու անվանեց սերմացու գողացող մկներ, բա այդ զինվորը կկռվի՞, եթե նման բան ասեն,-ասաց մեր զրուցակիցը և հավելեց,-Արցախի մեր հերոսների նկատմամբ մենք տեսանք ուղղակի ոտնձգություն, երկուսին ձերբակալեցին, մեկին այնպես արեցին, որ թողնի անվտանգության քարտուղարի պաշտոնը, Վիտալի Բալասանյանի մեքենայում իբրև թե զենք էին փնտրում»:

Շարմազանովի պնդմամբ, այսօրվա իշխանությունն այնպես արեց, որ երկու ընտրագույն գեներալներ չաշխատեն, վերջինս նկատի ուներ Լևոն Մնացականյանին և Սամվել Կարապետյանին. «Հիմա Արցախի հերոսներին հեղինակազրկելու, մրոտելու գործընթացը շարունակվում է»:

Նրա խոսքով՝ հասկանալու համար, թե հերոսների նկատմամբ նման վերաբերունքի սկզբնաղբյուրը որտե՞ղ է, և այս ամենն ո՞ւմ պատվերով է կատարվում՝ պետք է գործի ՀՀ հատուկ ծառայությունը։
«Չեմ ուզում հեռուն գնալով ասել, որ Արցախի դեմ դավադրություն են պատրաստում, այնտեղ զիջումների են ցանկանում գնալ, որի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար ցանկանում են հեղինակազրկել մարդկանց՝ Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից սկսած՝ մինչև մեր գեներալները, որպեսզի իրենց նպատակին հասնեն, չնայած նման կարծիք հասարակության մեջ կա։

Բայց ես մեկ բան կարող եմ ասել, որ այն, ինչ արվել է և արվում է այս մեկ տարվա ընթացքում՝ մտահոգիչ է, և առաջին հերթին՝ մտահոգիչ պետք է լինի Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նա է պետության ղեկավարը։ Նա պետք է գիտակցի, որ այն հասարակությունը, որը հեղինակազրկում է իր հերոսներին, չի կարող ունենալ ապագա։ Ասում էին` Ռոբերտ Քոչարյանն է հրամանը տվել, հետո թե՝ Սերժ Սարգսյանը, հիմա ասում են` Օգանովսկին է, վաղն էլ կասեն՝ Պողոսն է եղել»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Նա վստահեցրեց, որ այս միտումները երկիրը վտանգավոր ինչ-որ տեղ են տանելու, հատկապես այն դեպքում, երբ այս ամենին չի արձագանքում Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ երեկ BBC-ին ընդարձակ հոդվածով անդրադարձել էր մարտի 1-ի դեպքերին և նշել, որ իրենց տրամադրության տակ է հայտնվել բացառիկ փաստաթուղթ, որից երևում է, որ ցուցարարների վրա կրակել է Արցախից բերված զորքը՝ գեներալ Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու ղեկավարությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ