Իջեւանի ծանր քարը. Հայելի
Ըստ ամենայնի` Իջևանի անտառային դեպքերը լրջորեն անհանգստացրել են ներկա իշխանություններին և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին` քաղաքական իմաստով:
Իջևանի դեպքերը նա դիտարկում է քաղաքական հակամարտության, քան թե սովորական հանցագործության համատեքստում: Թերևս նաև սա է պատճառը, որ իջևանյան դեպքերի ուսումնասիրության գործը նա հանձնարարել է ոչ թե քննչական մարմիններին, այլ Ազգային անվտանգության ծառայությանը: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Սևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իջևանում կազմակերպված բողոքի ակցիաներին. «Իջևանում տեղի ունեցած ակցիաները չեն եղել ինքնաբուխ հավաքներ, այլ եղել է մի խումբ անձանց կողմից հրահրված պրովոկացիա»,- հայտարարել է նա:
ԱԱԾ տնօրենն ասել է, որ եթե կլինեն անձինք, որոնք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, ապա անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից և դիրքից՝ կենթարկվեն պատասխանատվության: Փաստն ինքնին, որ սովորական անտառագողության դեմ պայքարի դեպքը դիտարկվում է որպես ազգային անվտանգության տիրույթի հարց, արդեն իսկ ցույց է տալիս, որ տեղի է ունեցել ավելին, քան կարող էր պատկերացնել բարձր լեգիտիմությունն ու քաղաքացու իշխանությունը մատի փաթաթան դարձրած հեղափոխականների թիմը:
Եթե հեղափոխությունից մեկ տարի անց մի խումբ անձինք կարողանում են վարչապետի ծննդավայրում պրովոկացիա կազմակերպել, հարյուրավոր մարդկանց դուրս բերել փողոց և ոստիկանության վրա քարերով հարձակում կազմակերպել, ուրեմն հեղափոխությունն այլևս չունի այն արժեքը, որի մասին խոսում է վարչապետ Փաշինյանը: Ընդ որում հարվածը հասցված է ճիշտ նշանակետին` Փաշինյանի ծննդավայրում, Փաշինյանի դեմ:
Ծննդավայրը հայկական քաղաքական և հանրային ընկալումների մեջ դոմինանտ նշանակություն ունի, և Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության անկումը ավելի սրընթաց կլինի, եթե այն սկսվի հենց ծննդավայրից: Փաշինյանի կողմնակիցները սա շատ հրաշալի են հասկանում: Հասկանում են, այդ պատճառով էլ վառելափայտի գողության գործը դիտարկում են որպես Ազգային անվտանգության խնդիր:
Իրականում տեղի ունեցածն ընդամենը սպառնալիք է Փաշինյանի իշխանությանը, որը թերևս ավելի կարևոր հարց է, քան իրական անվտանգության հարցերը: Օրինակ` Եռաբլուրում Ապրիլյանի հերոսների շիրիմների պղծումը ԱԱԾ-ի համար ընդամենը մոլագար տիկնոջ ձեռքի գործ է, ուստի կատարվածը մատուցվեց ինչ-որն տիկին Գրետայի կողմից արված մոմաթափության ծիսակարգ:
ԱԱԾ-ի մոտ զարմանալիորեն հարց չառաջացավ, թե ինչու այդ նույն տիկին Գրետան մինչ այս Եռաբլուրի մյուս գերեզմանների վրա նման գործողություն չէր կատարում: Չէ որ այդ հետամնաց ծիսակարգը կար դարեր ի վեր, իսկ Եռաբլուրում ոչ սեփական մահով զոհվածները գերեզմաններում հանգչում են արդեն ավելի քան երկու տասնամյակ: Կամ այդ ինչպես եղավ, որ մոմաթափությունը կատարվեց միայն Ապրիլյանի տղաների շիրիմներին: Այս հարցերը Վանեցյանին ու ԱԱԾ-ին կարծես թե առանձնապես չեն տանջում, նա տիկին Գրետայի արարքը միանգամայն ինքնաբուխ է դիտարկում: Այ ուրիշ բան, երբ խոսքը Իջևանի պրովոկատորներին է վերաբերում:
Հայկ Դավթյան