Ալավերդիում 600 մարդ գործազուրկ է: Դժգոհությունները խորանում են. Փաստ
Ալավերդի քաղաքում ու մերձակա տարածաշրջանում առկա խնդիրները լուծում ստանալու փոխարեն շարունակում են կուտակվել։ Մասնավորաբար, պղնձաձուլարանի վերագործարկման հարցը դեռևս մնում է չլուծված, իսկ գործարանում աշխատող 600-ից ավելի ալավերդցիներ ներկայումս գործազուրկ են։
Թերթի լրագրողի հետ զրույցում նրանք նորից իրենց դժգոհությունը հայտնեցին՝ կապված թե՛ աշխատանքի բացակայության, թե՛ նաև իշխանությունների կրավորական կեցվածքի հետ, քանի որ խնդրի հստակեցման առումով գրեթե ոչ մի նկատելի քայլ չի կատարվում։
Նրանք դժգոհում էին նաև իրենց պատգամավորներից, որոնք ժամանակին ճոխ խոստումներ էին տվել, իսկ հիմա դրանց մասին մոռացել են։ Ի դեպ, տեղացիները նշում էին, որ ներկայումս ողջ քաղաքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, բնակչության 90 տոկոսը կքած է վարկերի տակ, իսկ վարկառուների մեծ մասի վարկային պատմությունները դասակարգված են՝ նրանք գտնվում են «սև» ցուցակներում։
Թերթի զրուցակիցներից մեկը, որպես քաղաքի մտավորականության ներկայացուցիչ, նշեց, որ ալավերդցիները պատրաստվում են հերթական անգամ նամակով դիմել կառավարությանը՝ գործարանի վերագործարկման հարցով։ Նա նաև հավելեց, որ քննարկվում է բողոքի էլ ավելի մեծ ցույցեր կազմակերպել՝ գուցե նաև ճանապարհներն ու երկաթգիծը հերթական անգամ փակելով։ Իրավիճակի ծանրությանը գումարվում է նաև քաղաքի ճանապարհների խայտառակ վիճակը:
Այս եւ այլ հրապարակումերին ծանոթացեք թերթի այս համարում: