Հանցագործությունը կուսակցական պատկանելություն չունի. Շարմազանովը՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու հետ միջադեպից
՛՛Մեկ անգամ չէ, որ ասել եմ` հանցագործությունը, օրենքի խախտումը, զանցանքը կուսակցական պատկանելիություն չունի: Եվ ես չեմ ողջունում երբեք մեր գործընկերների այն գնահատականները, որ հանցագործություն կատարողին բաժանում են ընդդիմադիր կամ իշխանամետի, ՛՛Բարգավաճի՛՛ կամ ՛՛Հանրապետականի՛՛: Ի՞նչ կապ ունի կուսակցական պատկանելությունը՛՛,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու հետ կապված միջադեպին:
Շարմազանովը նշեց, որ իրավապահ մարմինները, անկախ նրանից, թե ովքեր են այդ զանցանքի կամ հանցանքի գործող անձինք, պետք է նրանց պատժեն օրենքի ողջ խստությամբ: ՛՛Ես տեղյակ չեմ խնդրի մանրամասներին, չեմ էլ հավակնում որևէ իրավական գնահատական հնչեցնել, որովհետև իրավական գնահատականները պետք է հնչեցնեն իրավական մարմինները, բայց որպես քաղաքական գործիչ, որպես կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչ՝ ևս մեկ անգամ հստակ ամրագրում եմ մեր դիրքորոշումը` այո, բոլոր նրանք, ովքեր խախտում են ՀՀ օրենքն ու Սահմանադրությունը պետք է պատժվեն օրենքի խստությամբ` անկախ նրանից իմ բարեկամն են, թե ընդդիմության ներկայացուցիչների բարեկամն են:
Պատահական չէր, որ հանրապետության նախագահն էլ համագումարին իր ելույթում ասաց, որ մեր պետականության հիմնական հիմնասյուները ժողովրդավար արժեքներն են և իրավական պետության գաղափարը, իսկ դրանք լոկ խոսքեր չեն, մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ, որպեսզի Հայաստանը իրոք լինի իրավական պետություն և աստիճանաբար ժողովրդավար արժեքները լինեն կայացած՛՛,-նկատեց նա:
Հիշեցնենք, նախօրեին Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին՝ Էներ Խաչատրյանը ընկերների հետ հարբած մտել է ”Կուլակ” անունով հայտնի անձի տուն եւ դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին եւ Գոռին: