Վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը` պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Օրակարգի առաջին հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը, որոնց շրջանակում իրականացվել են կառուցվածքային, ներդրումային, կազմակերպչական և ֆինանսական աջակցության ծրագրեր: Նա զեկուցել է, որ 2012 թ. առաջին կիսամյակում արդյունաբերության զարգացումն ընթանում է բավական դինամիկ տեմպերով. արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է 501.4 մլրդ դրամի արտադրանք` 2011 թ. համեմատ աճելով 13 տոկոսով:
Տիգրան Դավթյանը նշել է, որ կառավարությունը մի շարք գործիքներով շարունակում է պետական աջակցություն ցուցաբերել արտադրական ընկերություններին: Մասնավորապես, 300 մլն ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի տրամադրման ուղղությամբ 2012 թ. առ այսօր հավանության է արժանացել 8 ներդրումային ծրագիր` 17.5 մլրդ ՀՀ դրամի ծավալով, և այս ներդրումների արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 340 նոր աշխատատեղ:
2012 թ. հունվար-հունիս ամիսներին ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգման ծրագրով հավանության է արժանացել 5 ծրագիր` ընդհանուր առմամբ 1.3 մլրդ ՀՀ դրամի շրջանակում: Նշված ժամանակահատվածում «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից արդյունաբերական և ներդրումային ծրագրերի վարկավորման նպատակով իրականացվել է 21 վարկավորման ծրագիր:
Անդրադառնալով կազմակերպչական աշխատանքներին` ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ արդեն ձևավորվել են կոնյակագործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհուրդները` կազմված ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության և նշված ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչներից: Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև ոսկերչական արտադրատեսակների արտադրության ոլորտի ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկուցումը:
Նիստում հաստատվել է դեղագործության ու բիոտեխնոլոգիաների ոլորտներում 2012-2015 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը: Ծրագրով սահմանված են ռազմավարական հետևյալ ուղղությունները. որակի վերահսկման համակարգի և տեղական հումքային բազայի ստեղծում, կարողությունների զարգացում, ֆինանսական աջակցություն, անդրազգային կորպորացիաների (ԱԱԿ) ներգրավում և վաճառքների խթանում:
Խորհրդի անդամների կողմից հավանության է արժանացել կոնյակագործության ոլորտի ռազմավարության իրականացումն ապահովող 2012-2015 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը: Տիգրան Դավթյանը նշել է, որ ծրագիրը մշակվել է կոնյակագործության, գինեգործության ոլորտների և նախարարության ներկայացուցիչների միջև քննարկման արդյունքում, որպես հիմնական ուղղություններ են սահմանվել որակի ապահովումը, շուկաների և կարողությունների զարգացումը: Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակում կոնյակագործության և գինեգործության ոլորտների զարգացման միասնական ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման նպատակահարմարության շուրջ: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է քննարկել գինեգործության ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերը և անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել հաստատված փաստաթղթում:
Մեկ այլ հարցով քննարկվել է թեթև արդյունաբերության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մշակման առաջարկը: Հաշվի առնելով հնչեցված դիտողություններն ու կարծիքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ կողմերին մինչև 2012 թ. հոկտեմբերի վերջը մշակել և խորհրդին ներկայացնել թեթև արդյունաբերության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության հայեցակարգի նախագիծ և գործողությունների ծրագիր:
Henaran.am-ին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը: