Մեկ տարի է՝ ոտնահարում են իմ իրավունքները, ոտնահարում են լկտի ձևով. Ռոբերտ Քոչարյան
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ Դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։
Նշենք, որ հուլիսի 19-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր բողոքը ներկայացրած դատախազի՝ նիստին չներկայանալու պատճառով։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ՝ բանկային հաշիվների վրա:
Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում։
Պաշտպանն ու մեղադրողները ներկայացրին իրենց դիրքորոշումը, խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահը: Անդրադառնալով նիստի ընթացքում դատավորի կողմից հարցերին մանրամասն անդրադառնալուն ու դատախազներից կոնկրետ ճշտումներ լսելուն՝ իր խոսքն ուղղելով դատավորին՝ Ռ. Քոչարյանը նշեց.
«Պաշտպանը հիմնականում ներկայացրեց, հաճելի էր նաև Ձեր հարցերի պատասխանների բացակայությունը լսել դատախազներից, և այս ամենը կատարվում է մոտ մեկ տարի: Գիտեք՝ ինձ թվում է, թե Դատախազությունը պետք է՝ բացի մեղադրելուց, նաև օրինականությանը հետևի, իրավունքները պաշտպանի, պարզվեց, որ մեկ ֆունկցիայի մասին մոռացել են:
Ընթացքում բազմաթիվ անգամ քննիչին ասում էին այս իրավախախտումների մասին, բայց ամեն անգամ որևէ արձագանք չեղավ:
Իմ գրասենյակից առգրավվել են փաստաթղթեր, որոնք վկայում էին և՛ գույքի, և՛ միջոցների օրինականության մասին, ա՛յ դա չեմ հասկանում՝ ինչի համար են արել: Եվ քանի անգամ նշեցի այդ փաստաթղթերի վերադարձի մասին, անարձագանք մնաց:
Զարմանալի էր կենսաթոշակի հարցով. ասում եմ՝ լավ, ես պետք է կոմունալ ծախսերը հոգամ, փաստաբանական ծախսերը հոգամ, ինչո՞ւ եք էդպես անում, որ ես՝ ունենալով հնարավորություն, օգտվեմ իմ հարազատների աջակցությունից, ինձ համար դա պատիվ չէ, արձագանքը նույնը մնաց: Ենթադրում եմ, որ սա մի պրակտիկա է, որը երևի ավելի լայն կոնտեքստով արժե նայել, քանի որ մարդուն զրկում են ամեն ինչից, նաև պաշտպանվելու հնարավորությունից՝ մեկ նպատակով երևի՝ խեղճացնել»:
Անդրադառնալով նիստի ժամանակ դատավորի կողմից մեղադրող դատախազին ուղղված հարցին, թե «ինչո՞ւ են վերցրել 27 հազար դոլարը», Քոչարյանը նշեց. «Ես կարծում եմ՝ շոկից, որ սեյֆը բացել, տեսել են՝ 4 միլիարդ չէ, ընդամենը 27 հազար է…»:
Դատավորն ընդմիջեց՝ նշելով, որ չպետք է հեգնական տոնով խոսել, ինչին ի պատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց. «Կխնդրեմ հարգել իմ արտահայտվելու իրավունքը: Ես ասում եմ, որ մեկ տարի է՝ ոտնահարում են իմ իրավունքները, ոտնահարում են լկտի ձևով, և իրավունք ունեմ բարձրաձայնել դրա մասին»:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի ժամը 16:30-ին:
Քոչարյանի աջակիցները ծափերով ճանապարհեցին նրան: