Շուտով կունենանք ևս մեկ օդանավակայան
ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԻ նախարարության բյուջեի կատարողականի զեկուցումից հետո փոխնախարար Հայկարամ Մխիթարյանից հետաքրքրվեց` արդյոք ինչպես 2013 թվականին, այնպես էլ հիմա թափուր տեղեր ունեն: ՛՛Կարող եք հայտարարել, որ կադրային սով չունեք, արդյոք կա կադրերի արտագաղթ՛՛:
Մխիթարյանի խոսքով` այսօրվա դրությամբ դեռևս թափուր տեղեր ունեն: ՛՛Պրոցես է, կենդանի օրգանիզմ է, կադրեր են ընդունվում աշխատանքի, մարդիկ են ազատվում, բոլոր դեպքերում և փրկարար ծառայությունում, և մյուս ծառայություններում որոշակի քանակությամբ մենք կադրերի տեղեր ունենք՛՛,-նշեց նա:
Թևան Պողոսյանը խնդրեց նաև անդրադառնալ Ստեփանավանի օդանավակայանին: ՛՛Մենք վերցրել ենք Ստեփանավանի օդանակավակայանը նախարարության հաշվեկշիռ: Ովքեր եղել են, տեսել են՝ այնտեղ օդանակավակայան հասկացողություն չկար, շենք չկար, ավերվածություններ էին: Սկսել ենք շինարարական աշխատանքները մայր շենքի առումով՛՛,-հայտնեց Մխիթարյանը:
Փոխնախարարը հավելեց, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում կավարտեն շինարարությունը, վերակառուցումը, իսկ հիմա արդեն ավարտել են ցանկապատման աշխատանքները: ՛՛Ես եղել եմ այնտեղ, ընտանի կենդանիներ, անասուններ էին ման գալիս տարածքում, և խոտածածկ էր ասֆալտը, հիմա ցանկապատված է, պալասաները վերանորոգվում են, մինչև տարվա վերջ կավարտենք Ստեփանավանի օդանավակայանն ու կանցնենք Ղափանի օդանավակայանին՛՛:
Ըստ նրա՝ սա հիմք կդնի փոքր ավիացիայի զարգացմանը ՀՀ-ում:
Անդրադառնալով նախարարության կրթական ծրագրերին՝ զեկուցողն ասաց, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ հարյուրավոր երեխաներ են մահացել, քանի որ այդ դեպքերում վարվելակերպի մասին տեղյակ չեն եղել, հիմա, նրա խոսքով, նման բան չի կարող լինել, քանի որ ուսուցման ծրագրերին մեծ թվով երեխաներ են մասնակցում: