15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի առաջարկով կքննարկվի ՀՀ ԱԺ-ում եւ ՌԴ պետդումայում երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների ինստիտուտի ձեւավորման հարցը

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան  ժամանած ՌԴ  Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը  հուլիսի 24-ին Ազգային ժողովում հանդես եկան համատեղ ճեպազրույցով:

Ամփոփելով այցի արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին  վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում են տնտեսության, գիտության, կրթության, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխգործակցությանը, առանձնահատուկ կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը եւ զարգացումը: “Հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունները՝ մենք ընդգծեցինք նաեւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը: Հատուկ շեշտվեց փոխադարձ կարեւորություն ներկայացնող հարցերում միասնական դիրքորոշման անհրաժեշտությունը եւ խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում”,- ասաց Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:

Խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում արդյունավետ համագործակցությունից` նա նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերին Երեւանում կկայանա ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովների նախագահների առաջին խորհրդակցությունը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝  հաշվի առնելով երկու խորհրդարանների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը եւ փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը՝ հայկական կողմն առաջարկել է քննարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում երկու խորհրդարանների ներկայացուցիչների ինստիտուտի ձեւավորման հնարավորությունը:

Ինչպես նշեց  ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՌԴ  Դաշնային ժողովի Պետական դումայի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում միջպետական կապերի խորացման համատեքստում  կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը: 
  
  ՌԴ  Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության եւ ռուսական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, շեշտեց, որ Ռուսաստանի համար շատ կարեւոր ու թանկ են Հայաստանի հետ հարաբերությունները: “Դրանք դաշնակիցների, ռազմավարական գործընկերների հարաբերություններ են: Մեզ համար կարեւոր է հարաբերությունների զարգացումը տառացիորեն բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար, այլ”,- նշեց  ՌԴ  Դաշնային ժողովի Պետդումայի նախագահը: Նրա խոսքով, երկու երկրներն էլ մեծ ուշադրություն են դարձնում երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը հատկապես տնտեսության ոլորտում, եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը աճի մեծ տեմպեր է արձանագրում:

Մասնավորապես, ինչպես նկատեց պարոն Նարիշկինը, վերականգնվել են ապրանքաշրջանառության ծավալները երկու երկրների միջեւ`  հասնելով այն մակարդակին, որը կար մինչեւ համաշխարհային ֆինանսատնտեսական  ճգնաժամը, Հայաստանում  ռուսական կազմակերպությունների տարեկան ներդրումը  կազմում է շուրջ 3 միլիարդ դոլար: Տնտեսական ոլորտում համագործակցությանն անդրադառնալով՝  ՌԴ  Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը խոսեց  նաեւ ԱՊՀ շրջանակներում Ազատ առեւտրի գոտու մասին պայամանագրին Հայաստանի միանալու խնդրից հույս հայտնելով, որ դա  կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության ավելացմանը:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց  Հայաստանում ռուսաց լեզվի զարգացմանը նպաստելու, դպրոցներում եւ բուհերում դասավանդման բարձր մակարդակի, ռուսալեզու  լրատվամիջոցների ակտիվ գործունեության համար: Նշելով, որ երկու երկրների խորհրդարանները  մեծ հաջողությամբ համագործակցում են միջազգային հարթակներում, Սերգեյ Նարիշկինը նկատեց, որ  նրանց դիրքորոշումները կամ գրեթե համընկնում են, կամ պարզապես նույնական են առանցքային հարցերում:

Կողմերը բարձր գնահատեցին միջխորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների հետագա զարգացման եւ համագործակցության խորացման գործում”: 

Henaran.am-ին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ