Բեյրութի «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, մեծ շուքով կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը
Հուլիսի 17-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, մեծ շուքով կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը: Ցուցադրությանը և քննարկմանը ներկա էին Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ և ԶԼՄ-ներ։
Գաղափար – նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ: Միտված լինելով ամբողջ աշխարհում պրոպագանդել և սերունդներին հասանելի դարձնել հայկական երաժշտությունն ու մշակույթը ՝ «ԳՈՀԱՐ» -ն այս այգամ անդրադարձ է կատարում կինոյին՝ ներկայացնելով հայ ժողովրդի պատմական փառահեղ էջերից մեկը՝ Կիլիկիայի հպարտ հայոց թագավորությունը:
«Այս նախաձեռնությունը նպատակ ունի սերունդների մեջ վառ պահել երբեմնի հզոր եւ հպարտ թագավորության ժառանգները լինելու գաղափարը։ Կիլիկիայի պատմությունը ներկայացնող ժապավենը մեծ արձագանք կգտնի հատկապես լիբանանահայերի ու աշխարհասփյուռ հայերի շրջանում, քանի որ նրանց մեծամասնությունն իր արմատներով հենց այնտեղից է սերում։ Կիլիկիո դրոշները, որոնք բազմիցս ծածանվել են «ԳՈՀԱՐ»-ի համերգների ժամանակ բազմահազար հանդիսատեսի կողմից, այժմ ծածանվելու են էկրանից այն կողմ՝ պատմական հերոսների ձեռքերում»,- ասաց Հարութ Խաչատուրյանը։
Երեք ֆիլմ-ակնարկներն ամփոփ, գեղարվեստական մոտեցմամբ, հանդիսատեսին հաղորդակից են դարձնում Կիլիկիայի հզորագույն թագավորական դինաստիաների երեք հարյուր ամյա պատմությանը:
Հարկ է նշել, որ ֆիլմ – ակնարկները նկարահանվել են հայաստանյան «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից: Հագեցած լինելով պատմական ժանրին բնորոշ ֆիլմարտադրական նորարար լուծումներով՝ այս նախագիծը իր բնույթով առաջիններից է հայկական շուկայում։
«Ֆիլմ-ակնարկների արտադրական ընթացքը թե՛ ժամանակացույցի , և թե՛ ծավալի տեսանկյունից համապատասխանում է լիամետրաժ ֆիլմ ստեղծելու գործընթացին։ Մեր նպատակն էր ստեղծել բարձր որակային չափանիշներին համապատասխանող կինոժապավեն, որը կհավակնի իր խոսքն ասել ժամանակակից պատմական համաշխարհային ֆիլմարտադրության ասպարեզում եւ Հայաստանը ճանաչելի կդարձնի՝ որպես այս ոլորտում զարգացման մեծ ներուժ ունեցող երկիր։ Բոլոր նկարահանումները կատարվել են Հայաստանում, սկսած մասշտաբային մարտի տեսարաններից մինչեւ ծովամարտ, որի նկարահանումները իրականացրել ենք հենց «Կիլիկիա» նավի վրա։ Ժապավենը հագեցած է հարուստ վիզուալ լուծումներով և համակարգչային գրաֆիկայով»,- ասաց ֆիլմ – ակնարկների ռեժիսոր Աշոտ Առաքելյանը։
Ֆիլմ-ակնարկներում առավելագույնս պահպանված է պատմական հավաստիությունը, սակայն թեմայի մատուցման գեղարվեստական և դրամատուրգիական մասն ապահովելու նպատակով կան պատմական դրվագներ, որոնք ներկայացվել են ռեժիսորի յուրահատուկ ստեղծագործ մոտեցմամբ: Դերասանական կազմն ընտրելիս առաջնային պայման է եղել ոչ թե հայտնի դերասանների մասնակցությունը, այլ պրոֆեսիոնալ և խարիզմատիկ կերպարների ներգրավումը։ Ֆիլմ–ակնարկները նկարահանելիս, ստեղծագործական թիմը օգտվել է արխիվներում եղած պատմական նյութերից, համագործակցել պատմաբանի հետ։ Ստեղծագործական թիմը ձգտել է հնարավորինս ճշգրիտ պահպանել և հանդիսականին փոխանցել տվյալ ժամանակաշրջանի շունչը: Ֆիլմ-ակնարկներին յուրօրինակ դրամատիզմ է հաղորդում նաեւ հատուկ գրված երաժշտությունը, որը ձայնագրվել է «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ:
Ձևավորվելով մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկիայի հողում, ստեղծվեց նոր հայկական իշխանապետություն, որն իր երեքդարյա պատմության ընթացքում կարողացավ պահպանել իր անկախությունը և հիմնել հզոր թագավորություն։
Առաջին ֆիլմ-ակնարկը ներկայացնում է Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչև ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերող Լևոն Մեծագործի գահակալումը:
Երկրորդ ֆիլմ-ակնարկը արտացոլում է 13-րդ դարի իրադարձությունները, Լևոն I թագավորի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոնստանդին Պայլի և Զաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայի հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարները, տիրող պալատական բարքերն ու խարդավանքները։
Երրորդ՝ 1219-1375 թթ․ պատմությունը ներկայացնում է Լևոն III-ի գահակալման տարիները, չորս կողմից կեղեքվող Կիլիկիան և վերջին թագավոր Լևոն V Լուսինյանին, ում հուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը։
Կիլիկիայի պատմությունը՝ հայ ժողովրդի սրտերում և պատմագրության մեջ հավերժացնելու միտված այս նախագիծն, անչափ կարևոր է հայ մշակույթի համար: Սա Կիլիկիայի Հայոց թագավորության մասին առաջին եւ միակ խաղարկային ժապավենն է, եւ ստեղծագործական թիմը հեռահար նպատակ ունի հանել այն միջազգային կինոշուկա։
Մոտ ապագայում ֆիլմ-ակնարկների մեծ պրեմիերան տեղի կունենա Հայաստանում։