Մելիք Ադամյանից՝ Մեղրի. քիչ պայքար, շատ գործ, դեռ պետք է ապրել
”Նախորդ համագումարից անցել է շուրջ երկու տարի, այս ընթացքում կուսակցությունը շարունակել է ամրանալ, բյուրեղանալ ու ծավալվել` Մելիք Ադամյան փողոցից մինչև Մեղրի ու Տաշիր, նույն հետևողական աշխատանքն է, ամենօրյա աշխատանքը”,-այսօր ՀՀԿ համագումարում իր ելույթում ասաց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ առաջնորդը նշեց, որ կուսակցությունը մշտապես զարգանում է՝ հավելելով, որ կուսակցությունը դարձել է այն կարևոր խողովակներից մեկը, որ հնարավորություն է տալիս երիտասարդներին իրենց գաղափարները հասցնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, հասնել ինքնադրսևորման ավելի բարձր աստիճանի:
Ելույթում նախագահն անդրադարձավ նաև ՀՀ ներքաղաքական դաշտին: Նրա խոսքով՝ ձևավորվել է քաղաքական ուժերի հետաքրքիր և հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան: ”Այդ իրավիճակը լավագույնս ներկայացված է ՀՀ խորհրդարանում, որ հադնես է գալիո որպես համապարփակ քաղաքական համակարգ”:
”Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ քննադատեն իրար, իմ համոզմամբ, թշնամիներ չեն, նույնիսկ եթե մեր որոշ քաղաքացիների մոտ բուռն քաղաքական բանավեճերի լայն լուսաբանումից նման տպավորություն ձևավորվի:
Մենք կիսելու հայրեինք չունենք, մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի պաշտպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը: Իշխող քաղաքական ուժն ու ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու երկու ձեռքերը: Անհրաժեշտ է և աջ, և ձախ, երկուսն էլ ունեն իրենց հստակ գործառույթները, դրանցից մեկի խեղումից մյուսն ավելի ուժեղ չի դառնում, պարզապես մարդը դառնում է անդամալույծ”:
Սերժ Սարգսյանն ընդգծեց` ”Հանրապետականը” շարունակում է ամրապնդել իր տեղն ու դերակատարությունը մեր երկրում, բայց դա չի անելու այլ քաղաքական ուժերի հաշվին: ՀՀԿ-ը շարունակելու է առողջացնել քաղաքական դաշտը` ձերբազատելով այն մաղձից, ատելությունից ու կասկածամտությունից:
”Այսօրվա իշխող քաղաքական ուժն ու մյուս կուսակցությունները դեռ այն բարձունքի վրա չեն, որ բավարարեն քաղաքական համակարգի հանդեպ մեր քաղաքացիների բոլոր պահանջները”: Նախագահը հասկանում է, որ երբեմն չեն արդարացրել քաղաքացիների հույսերը, քաղաքական դեբատներն ընկալվել են որպես դատարկ լեզվակռիվ, բայց բոլորը պետք է գիտակցեն կայացած քաղաքական համակարգ ապահովելը աշխատատար գործընթաց է:
Սերժ Սարգսյանը խոսեց նաև 2017-2018 թվականներին տեղի ունենալիք համապետական ընտրությունների մասին: Նրա խոսքով՝ որոշ ուժեր արդեն սկսել են պատրաստվել այդ ընտրություններին: ”Այն, որ ընդդիմադիր կուսակցություններն այսօրվանից զբաղված են ապագա խորհհրդարանական և նախագահական ընտրություններում պատրաստվելով, ես բնական եմ համարում:
Մեր դիրքերը, կառավարող կուսակցության պատասխանատվությունն ու խնդիրները բոլորովին այլ են: Առաջիկա երեք-չորս տարիները հսկայական ժամանակ են՝ գործ անելու և երկիրը առաջ մղելու համար: Մենք հենց դա ենք անելու: Մինչև հաջորդ համապետական ընտրություններ դեռ պետք է ապրել, դեռ պետք է ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը”:
Նրա խոսքով` եթե ընդդիմադիրները կարող են ընտրությունների գնալ` միայն իշխանությանը քննադատելով, ապա իշխող կուսակցությունը չի կարող իրեն նման ”ճոխություն” թույլ տալ: ՀՀ նախագահն ասաց, որ աշխարհում շատ բան մեզնից կախված չէ, սակայն երկրում շատ բան է իրենցից կախված: ”Չկա մի ուժ, որ Հայաստանում կարող է անել ավելին, քան մենք` Հանրապետականներս, առնվազն այսօր այդպես է, ուրեմն չպետք է շեղվել գործից, տարվել միջկուսակցական բանավեճերով: Իմ հորդորն է` քիչ պայքար, շատ գործ”,-եզրափակեց նա: