”Շալանդը համոզված է, որ հաջողություն կունենանք Եվրո-2016-ում”.Բերեզովսկի
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Спорт Экспресс-ին տված հարցազրույցում խոսել է առաջիկա ընկերական հանդիպումների մասին:
– ”Դինամոյի” հետ կապված հստակություն կա՞, չէ որ արդեն հունիսի վերջին ավարտվում է պայմանագրի ժամկետը:
– Հավանաբար, երբ վերադառնամ, ինչ-որ բան պարզ կլինի: Մոտավորապես հունիսի կեսերին հայտնի կդառնա`արդյոք կշարունակեմ հանդես գալ ”Դինամոյում”, թե ոչ:
– Ի՞նչ տպավորություն եք ստացել Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը:
– Մեկ-երկու օր է աշխատում ենք նրա հետ ու շփվում ենք հավաքի ընթացքում, երևում է, որ շվեյցարացի մասնագետը մեծ ջանասիրությամբ է մոտեցել իր աշխատանքին: Պակաս կարևոր չէ, որ Շալանդը համոզմունք ունի, որ մենք կարող ենք լուրջ հաջողություններ գրանցել Եվրո-2016-ի ընտրական փուլում: Շատ տեսական պարապմունքներ է անցկացնում: Մարզումներից առաջ ֆուտբոլիստները հասկանում են, թե ինչ է իրենցից պահանջվում:
– Նոր մարզիչը մի խումբ նոր ֆուտբոլիստներ է հրավիրել: Հավաքականի կազմում փոփոխություննե՞ր են սպասվում:
– Դեռ վաղ է խոսել այդ մասին: Մարզիչն իր համար հետևություններ կանի հրավիրված ֆուտբոլիստների հնարավորությունների մասին:
– Ի՞նչ նշանակություն է տրվում ընկերական հանդիպումներին:
– Բնականաբար, կենտրոնականը լինելու է Գերմանիայի դեմ հանդիպումը: Շատ լրջորեն ենք տրամադրվելու այդ խաղին: Այն մեզ համար մեծ փորձություն և ուժերի ստուգում կլինի: Ընդհանրապես, լավ է, որ մեր մրցակիցների ուժերը այս խաղերում, կարելի է ասել, դասավորվել են աճման կարգով: Սկսում ենք Էմիրատների դեմ խաղով, հետո Աշխարհի առաջնության մասնակից Ալժիրի հավաքականն է, իսկ վերջին հանդիպումը` Գերմանիայի դեմ: Մի խոսքով, ամենալուրջ մակարդակի խաղեր են լինելու:
– Հայաստանի հավաքականը և անձամբ Դուք խաղացել եք Գերմանիայի դեմ, ու, մեղմ ասած, այդ փորձն այնքան էլ հաջող չէր (1998թ.-ի ԱԱ-ի ընտրական փուլում պարտություններ 1-5 և 0-4 հաշիվներով):
– (ծիծաղում է) Այդ ամենն անցյալում է: Պետք չէ այդ ամենին նշանակություն տալ: Հիմա լրիվ ուրիշ ֆուտբոլիստներ են, ուրիշ թիմեր են:
– Նշանակում է` երկրպագուները առաջիկա Աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկի դեմ խաղից առաջ կարո՞ղ են լավատես լինել:
– Չնայած հանդիպման ընկերական բնույթին, այսպիսի խաղերը շատ կարևոր են մեր թիմի համար, ու հիանալի կլիներ դրսևորել մեր ուժերը հենց Գերմանիայի դեմ խաղում: