Գագիկ Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը ստորագրել են
Մայիսի 23-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին վարկային ու ֆինանսավորման համաձայնագրեր են ստորագրել` կրթության եւ սոցիալական ոլորտների ծրագրերի իրագործումն ապահովելու նպատակով:
Միջազգային զարգացման ընկերակցության հետ ստորագրված համաձայնագրով “Սոցիալական պաշտպանության վարչարարության II ծրագրի” շրջանակում Հայաստանին կտրամադրվի 21.2մլն դոլարին համարժեք 13.9մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ: Ծրագրի նպատակն է բարելավել սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը եւ հզորացնել դրանք մատուցող, ինչպես նաեւ սոցիալական պաշտպանության նպաստներ վճարող մարմինների վերլուծական, մշտադիտարկման եւ գնահատման գործառույթները:
Իսկ “Կրթության բարելավման ծրագրի” շրջանակում Հայաստանը կստանա ընդհանուր առմամբ 30մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ, այդ թվում 15մլն դոլարը` Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից, նույնքան դոլարին համարժեք 9.8 միլիոնի չափով վարկ էլ հատուկ փոխառության իրավունքով (SDR)` Միջազգային զարգացման ընկերակցությունից:
Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրապետության տարրական դպրոց ընդունվող երեխաների պատրաստվածությունը, բարելավել ավագ դպրոցներում ֆիզիկական պայմաններն ու կրթական ռեսուրսների մատչելիությունը, ինչպես նաեւ աջակցել բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի բարելավմանը: