22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սահմանադրությունն այսօր գործող իշխանությունների համար արժեք չէ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ-ն Սահմանադրության օրը որոշել է ուխտագնացություն կազմակերպել Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող Արշակունիների դամբարան։ Նրանք այդպես են այս տարի նշել ՀՀ Սահմանադրության օրը, մի փաստաթղթի, որը «կարել է» «Հրայր Թովմասյանը» ՀՀԿ ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի հագով։ Համենայնդեպս Սահմանադրության ընդունումից ի վեր դրանում էին մեղադրում ՀՀԿ-ականներին ընդդիմադիրները։ Հիմա էլ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանի համար «կարած» Սահմանադրությունը սկսել է «սազել» արդեն Նիկոլ Փաշինյանին։ 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Hraparak.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց․ «ՀՀ գործող Սահմանադրությունը, վստահաբար կարող եմ ասել, անգամ այսքան քննադատությունից հետո, իր առկա որոշ խնդիրներով, թերություններով և անհարություններով հանդերձ, Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող երկրների շարքում լավագույն Սահմանադրություններից մեկն է։ Ավելին ասեմ Ձեզ, ես վստահ եմ, որ այս Սահմանադրությունը ոչ թե հրահրեց կամ նպաստեց իշխանափոխության պորցեսին, որը տեղի ունեցավ, այլ ամորտիզացրեց այն քաղաքական ռիսկերը, վայրիվերումները և ցնցումները, որ կարող էին ուղեկցել իշխանափխությանը, եթե չլիներ այս Սահմանադրությունը և երկիրը մնար կիսանախագահական կառավարման տիրույթում»։

Ինչ վերաբերում է նրան, որ ասում են՝ վերջին մեկ տարում ՀՀ Սահամանդրությունն ամենաշատ բռնության ենթարկված և «բռնաբարված» փաստաթուղթն է, Աշոտյանն այսպես արձագանքեց․

«Ինչպես քանիցս նշել եմ, Սահմանադրականությունն այսօր Հայաստանում խախտված և խարխլված է բազմաթիվ դրվագներով, նախորդ գումարման Ազգային ժողովի վրա հակասահմանադրական ճնշումներից, դատական իշխանության վրա հակասահմանադրական ճնշումներից սկսած, ինչո՞ւ չէ, հենց Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու, ընտրվելու պրոցեսը նույնպես հակասահմանադրական էր իր ընթացքով, ճնշում էր ԱԺ պատգամավորների վրա, որոնց գործունեության ազատությունը երաշխավորված էր Սահմանադրությամբ։ Սահմանադրությունն այսօր գործող իշխանությունների համար արժեք չէ։ Ես դիտավորյալ չեմ օգտագործում բռնաբարված բառը, թեպետ՝ այո, այսօրվա Սահմանադրությունը գործող վարչախմբի կողմից վայրագությունների զոհ է»։

Ըստ Աշոտյանի՝ կյանքն ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր չունի Սահմանադրության երաշխավոր։

Ինչ վերաբերում է Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով «կարելու» թեզին, Աշոտյանն ասաց, որ այն կարված էր երկրի առջև կանգնած մարտահրավերների դիմակայելու հագով։

hraparak .am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ