Բարձր պահեք պատիվը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի կապակցությամբ:
“Սիրելի շրջանավարտներ,
այսօր մայրաքաղաքի բոլոր դպրոցներում կհնչի վերջին զանգը, ու դուք հրաժեշտ կտաք ձեր սիրելի կրթօջախներին: Ամբողջ օրվա ընթացքում դուք էլի ու էլի կվերհիշեք դպրոցական ջերմ, հարազատ միջավայրում անցկացրած տարիները, դասընկերների ու ուսուցիչների հետ կապված ամենատարբեր միջադեպերը, որոնք այսուհետ հուշ դարձած ուղեկցելու են ձեզ ամբողջ կյանքի ընթացքում:
Այսօրվանից ձեր առջեւ նոր հեռանկարներ են բացվում, որոնց հասնելու համար դուք շատ կարեւոր եւ պատասխանատու որոշում պետք է կայացնեք՝ ձեր ապագա մասնագիտությունն ընտրելիս: Սակայն ինչ մասնագիտություն էլ որ ընտրեք, ձեր կյանքը հետագայում ինչ ուղով էլ ընթանա, միշտ հիշեք, որ դուք ձեր հաղթանակած հայրերի ու պապերի ժառանգորդն եք, նրանց ձեռքբերումների իսկական տերն ու շարունակողը:
Համոզված եմ, որ ոչ միայն պահպանելու եք այն արժեքները, որոնք բազում դժվարություններ հաղթահարելով, դարեդար անցնել ու ձեզ են փոխանցվել ձեր ուսուցիչների, ծնողների շնորհիվ, այլեւ հարստացնելու եւ նոր որակներ եք հաղորդելու այդ ամենին:
Նաեւ վստահ եմ, որ ստեղծագործ ուժով, դժվարությունները հաղթահարելու ձեր անսասան կամքով անելու եք հնարավորը՝ շենացնելու մեր երկիրն ու մեր սիրելի մայրաքաղաքը: Եվ միշտ հիշեք, որ կյանքում ինչ հաջողությունների էլ որ հասնեք, ձեր գիտելիքների ու ձեռքբերումների համար առաջին հերթին պարտական եք ձեր ուսուցիչներին:
Հիշարժան այս օրը իմ խորին հարգանքն ու երախտիքի խոսքն եմ ուղղում նաեւ բոլոր ուսուցիչներին՝ իրենց ազգաշահ ու հայրենանվեր աշխատանքի համար:
Շնորհավորում եմ նաեւ ձեր ծնողներին, ովքեր իսկապես բազում երազանքներ ունեն ձեզ հետ կապված, եւ տա՛ Աստված, որ իրականություն դարձնեք նրանց բոլոր երազանքները։
Սիրելի շրջանավարտներ,
Մաղթում եմ, որ պարզ ճակատով, արժանապատվության բարձր գիտակցումով մտնեք մեծ կյանք: Եղեք հպարտ, որ ազատ ու անկախ Հայաստանի, նրա չքնաղ մայրաքաղաքի քաղաքացին եք:
Հպարտացեք ու միշտ բարձր պահեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայի, երեւանցու պատիվը”: