23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա ոչ թե կուսակցական, այլ արժեհամակարգի հարց է. եղել եմ ու կլինեմ ավանդական ու քրիստոնեական արժեքների ու ավանդական ընտանիքի ջատագով. Շարմազանով. 168.am

Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել էր Ստամբուլյան կոնվենցիային և նշել, որ ավանդական ընտանիքի մոդելն այլընտրանք չունի: «Հարգելի հայրենակիցներ, թե՛ մեր իշխանության ժամանակաշրջանում, և թե այսօր, որպես ընդդիմադիր գործիչ՝ պայքարել եմ հանուն ազգային և ավանդական արժեհամակարգի պաշտպանության: Լինելով իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ՝ երբեք չեմ խուսափել իմ խիստ գնահատականները հնչեցնել հակապետական, հակաազգային և օտարամոլ բարքերի դեմ:
Ի տարբերություն այսօրվա ղեկավարության, որը չունի իզմեր, ես ունեմ իզմեր, և այդ իզմն ազգային կոնսերվատիզմն է՝ խարսխված ազգային-ավանդական և քրիստոնեական արժեքների վրա: Դատապարտում եմ ցանկացած բռնություն և բռնության քարոզ: Հայաստանում ուժեղանում է հակապետական և օտարամոլության քարոզը:
Օրինակնե՞ր եք ուզում, խնդրեմ…

Վեհարանի գրավման փորձեր, Վեհափառի վրա հարձակում, կրթության տխրահռչակ նախարարի կողմից անհանդուրժող կեցվածք՝ դպրոցում Առաքելական եկեղեցու սպասավորների այցելության հետ կապված, տրանսգենդերության քարոզ ԱԺ ամբիոնից, Բոլթոնի կոչը՝ հրաժարվել ազգային կաղապարներից… Շարքը երկար է:
Սա քիչ էր, հիմա էլ հրապարակ են բերել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը: Հայաստանը չպետք է վավերացնի այդ տխրահռչակ կոնվենցիան: Այն չի բխում մեր արժեհամակարգից, և վերջ: Ավանդական ընտանիքի մոդելը Հայաստանում չպետք է այլընտրանք ունենա:

Սա ոչ թե կուսակցական, այլ արժեհամակարգի հարց է և լակմուսի թուղթ է լինելու բոլորիս համար: Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը»,- գրել էր Է. Շարմազանովը։

Այս գրառումից հետո շատերն Է. Շարմազանովին մեղադրեցին՝ նշելով, որ վերջինս երևի մոռացել է, որ Ստամբուլյան կոնվեցիային Հայաստանը միացել է հենց ՀՀԿ-ի իշխանության օրոք։

168.am-ը Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այն մեկնաբանություններին, ըստ որի՝ շատերը մեղադրում են Հանրապետականին, քանի որ Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիային միացել է իրենց իշխանության ժամանակ։

«Ընդհանրապես նման մեկնաբանություններ հնչեցնողներին խորհուրդ կտայի՝ մեկ անգամ ևս ուշադիր կարդային գրառումս, այնուհետև գնահատականներ տային։ Ես ոչինչ չեմ մոռացել, իրենք են երևի մոռանում, շատ հստակ գրել եմ, որ և՛ մեր իշխանության օրոք և՛ այսօր ու վաղը եղել եմ ու կլինեմ ավանդական ու քրիստոնեական արժեքների ու ավանդական ընտանիքի ջատագով։

Այո, նաև մեր իշխանության ժամանակ, երբ ընդունվում էր «Ընտանեկան բռնության» մասին օրենքը, ինքս եղել եմ իշխանության այն քիչ ներկայացուցիչներից, որը կատաղի պայքար է մղել և հրապարակային քննադատել այդ օրենքի նախնական տարբերակը։ Իմ ու իմ կուսակցական որոշ ընկերների, ինչպես նաև հանրային առողջ հատվածի պայքարի արդյունքում, անորակ ու հակազգային դրույթներով լի օրինագիծը փոխվել է և բերվել նորմալ տեսքի, որից հետո միայն ընդունվել Ազգային ժողովի կողմից։

Այն ժամանակ էլ, այսօր էլ բոլոր այն նախագծերին, որոնք դեմ են եղել ավանդական արժեքներին՝ դեմ եմ, անկախ այն հանգամանքից՝ դրանք վավերացվել են Լևոն Տեր-Պետրոսյանի՞, Ռոբերտ Քոչարյանի՞, Սերժ Սարգսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի օրոք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ իշխանությունում եղած ժամանակ էլ, այսօր էլ դեմ է եղել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը և ամեն ինչ անելու է, որպեսզի այդ կոնվենցիան, որի մեջ կա հակազգային, հակապետական ու հակաքրիստոնեական տարրեր և որի մեջ հստակ գրված է, որ սեռը կենսաբանական չէ, և մարդը պետք է որոշի՝ ինքը կի՞ն է, թե՞ տղամարդ՝ չընդունվի:

«Մեր իշխանության ժամանակ, որպես ԱԺ փոխնախագահ՝ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել, որոնց տեսագրությունները կան, քննադատել եմ եթերային քաղաքականությունը, որտեղ պրոպագանդվում է անճաշակություն և ոչ ազգային արժեքներ։ Դեմ եմ միասեռականության քարոզին, եթե տրանսգենդերության քարոզը լիներ այս թե մեր իշխանության օրոք, նույն կերպ ինքս քննադատելու էի։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որն իզմեր չունի, ես ունեմ իզմ, այն կոչվում է ազգային կոնսերվատիզմ։ Այո, այդ կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխանության շրջանում, բայց այն ժամանակ չի վավերացվել և Ազգային ժողով չի եկել, եթե գար, ապա ԱԺ մեծամասնությունն իր գնահատականը կտար։ Մեր իշխանությունն անսխալական չի ղել, բայց այսօրվա իշխանությունը մեկ տարվա ընթացքում ավելի շատ սխալներ է անել, քան ՀՀ բոլոր իշխանությունները միասին։ Սուտի ժողովրդավարության ջատագովները, ավելի լավ կլինի՝ լռեն, քանի որ այդ ամենն ընդհանրապես կապ չունի ժողովրդավարության հետ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ դեմ է բոլոր տեսակի բռնություններին և դրանք դատապարտում է, ուստի որևէ բան չի խանգարում, որ որևէ մեկի նկատմամբ բռնություն կիրառողը պատժվի. «Մենք քրեական օրենսգիրք չունե՞նք։ Ես բռնության կոչ չեմ անում, բռնության կոչ են անում այն մարդիկ, որոնք հորդորում են վավերացնել այդ կոնվենցիան, քանի որ այն բռնություն է ազգային արժեքների նկատմամբ, և նրանք, որոնք կողմ կքվեարկեն վավերացմանը, նրանք բռնություն են գործադրում ազգային արժեքների դեմ»։

Նա նաև հավելեց, թե իրեն քննադատողներն ինչո՞ւ էին բերանները ջուր առած նստել այն ժամանակ, երբ գրավում էին Վեհարանը։

Էդուարդ Շարմազանովը նաև նկատեց՝ ԵՄ բազմաթիվ երկրներ՝ Լատվիա, Լիտվա, Չեխիա և այլն, տարիներ առաջ ստորագրել, սակայն չեն վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան, քանի որ նրանց հասարակությունները դեռ պատրաստ չեն։ «Հայաստանը բռնությունը կանխարգելելու համար ընդունել է «Ընտանեկան բռնության» մասին օրենքը՝ հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները։ Աստված մի արասցե, եթե այս կոնվենցիան Հայաստանը վավերացնի, ապա «Բռնության մասին» օրենքում հաշվի առնված ավանդույթներն ու առանձնահատկությունները կդառնան առ ոչինչ։ Կրկնում եմ` նույնիսկ Մեծ Բրիտանիան, Չեխիան և այլ երկրներ այդ կոնվենցիան չեն վավերացրել»,- նշեց ՀՀԿ խոսնակը։

Զվարթ Խաչատրյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ