Ամեն անգամ ասուլիսներում Երևանի գլխավոր ճարտարապետն ապատեղեկատվություն է տարածում. Տիգրան Հեքեքյան
1995 թվականից «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկապատանեկան երգչախմբին է հատկացվել Արամի 23 հասցեում գտնվող 1880-ականներին կառուցված և այսօր պատմամշակութային հուշարձան հանդիսացող երկհարկանի շենքը, որի շուրջ խնդիրներն արդեն մեկ տարի լուծումներ չեն գտնում:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը լրագրողների հետ հանդիպմանը եկել էր լուսանկարներով, փաստաթղթերով, պատկան մարմիններին ուղղված նամակների պատասխաններով. «Արդեն մեկ տարի է անցել, ինչ խարխլվեցին Արամի 23-ի հիմքերը, և ուղիղ վեց ամիս առաջ փլուզվեց շենքի մի հատվածը։ Առ այսօր որևէ բան չի արվել»:
Տ. Հեքեքյանն ասաց, որ այսօր ունեն երկու խնդիր՝ առաջինը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի անորոշությունն է, երկրորդը՝ Արամի 23 շենքն ու հարակից միջավայրը, որոնք վտանգված են. «Մեզ տրվել է ժամանակավոր մի տեղ գրասենյակ, որ հետո պետք է գնայինք հիմնական տեղը, բայց առ այսօր մենք անորոշության մեջ ենք, «Ի Էմ Սի»-ին մեզ հետ չի ուզում կնքել պայմանագիր հետևյալ կետով, որ, այո, նրանք պետք է ֆինանսավորեն մեր վարձակալության համար այնքան ժամանակ, մինչև Արամի 23-ը կվերականգնվի։ Մեկ ամիս տվեցին գումարը՝ ապրիլ ամիսն էր, մայիս, հունիս… դրանից հետո որևէ երաշխիք չունենք և չգիտենք՝ ինչքան կշարունակվի։ Չնայած փոխքաղաքապետին է հանձնարարված համակարգել, սակայն նա անընդհատ զանգահարում է այս կազմակերպությանը, խոստանում են, որ այսօր-վաղը կլինի, բայց առ այսօր մեզ այդ գումարը չի տրվում։ Դա կարևոր չէ, կարևորն այն է, որ մեզ հետ չեն կնքում պայմանագիր, որ ունենանք երաշխիք մեր երգչախմբերի ապագայի համար:
Ամեն անգամ ասուլիսներում Երևանի գլխավոր ճարտարապետն ապատեղեկատվություն է տարածում։ Առաջին անգամ ասում էր, որ կա նախագիծ, որ պետք է այդ շենքը կառուցվի, այդպես էլ առ այսօր այդ նախագիծը ոչ մի տեղ չգտանք, հետո հայտարարել էր, որ ստորագրել է այդ նախագծի էսքիզը:
Մենք անընդհատ ահազանգում էինք, նամակներ գրում, պահանջում էինք այդ նախագծի հաստատում, որևէ պատասխան չկար։ Ուղիղ երեք ամիս անց զանգահարում են ինձ, ասում, որ՝ կարող եք գնալ Ձեր նամակի պատասխանը վերցնել, որտեղ տրված է թույլտվություն մայիսի 24-ով, սակայն նամակի վրա գրված էր՝ հունիսի 6։
Սա մի ձեռագիր է քաղաքապետարանի, ոնց որ պատուհաններ են թողնում, որ հետո իրենց ուշացած նամակները հետին ամսաթվով գրեն։ Եվ հիմա մեզնից պահանջում են վերջնական նախագիծ։ Իտալացիներն ասում են, որ պայմանագիրը լուծարվել է, հիմա պետք է գան, պայմանագիրը երկարացնեն, նորից նախագիծ արվի։ Կտևի էլի երեք ամիս։
Անիմաստ տեղը հարցերի շարան է առաջացել, ուղղակի աշխատողների՝ իրենց պարտականությունները չկատարելու պատճառով, չնայած քաղաքապետարանը բոլոր տեղերում նամակ է գրել, որ իրենք իրենց գործառույթներն ավարտել են»:
Թե որն է պատճառը՝ լրագրողների հարցին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիրը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ կամ իշխանության մեջ հայտնված մարդիկ ի զորու չեն, սխալ տեղում են, ուղղակի աթոռ են զբաղեցնում, կամ ի զորու են, բայց հայտնվել են մի սարդոստայնի մեջ, որը որոշ հզոր մարդիկ հյուսել են, հիմա իրենց էլ են գցել այս ամիսների, տարվա ընթացքում, իրենք աշխատում են իրենց վրա, և երրորդ՝ իրենց չեն թույլ տալիս, որ իրենք իրականացնեն իրենց պարտականությունները։ Երեքից որն է՝ չեմ կարող ասել: …
Եթե այսպիսի մարդկանց ձեռքում է մեր երկիրը, մենք ուրեմն խնդիր ունենք… պատերազմող երկիր ենք: Եվ սա ցավ է, որովհետև ժողովուրդն ինչ ոգևորվածությամբ ընտրեց ղեկավարներ, և սպասում են, որ ղեկավարները շփվեն իրենց ժողովրդի հետ… Նիկոլ Փաշինյանը վերջերս իր մի հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանում այլևս չկան անտեր մարդիկ, այսինքն՝ այդ «տերովին տերն ա տարել, անտերին գելն է կերել» ասացվածքն արդեն պիտի իր տեղը գտնի բանահյուսության թանգարանում, ես ուզում եմ մեր սիրելի վարչապետին ասել, որ սպասի, դեռ չուղարկի թանգարան, որ, օրինակ, «Հայաստանի փոքրիկ երգիչներն»ն իրենց անտեր են զգում»:
«Եթե Արամի և Բուզանդի փողոցները լինեին ԱՄՆ-ում, հենց այսօր կկողպվեին»,- հավելեց ամերիկաբնակ ինժեներ Մայքլ Սահակյանը, ով խնդրով մտահոգ՝ անձամբ է նամակներ հղել պատկան մարմիններին:
«Ցավում եմ տեսնել, որ ներկա իշխանության օրերին նման գործերն այսպես հետ են ընկնում ինչ-որ չինովնիկների ցանկությունների պատճառով հավանաբար»,- հավելեց նա:
Ի դեպ, Տ. Հեքեքյանը տեղեկացրեց նաև, որ դատարանում ստիպված են վիճարկել նաև Արամի 23-ին առնչվող կառավարության այն որոշումը, որով այն գերակա շահ է ճանաչվել: Թե ինչու է այդ տարածքը կառավարությունը գերակա շահ ճանաչել, Տիգրան Հեքեքյանը կարծում է, որ այն կարող են հատկացնել «Հին Երևան» նախագծի տարածքի սեփականատեր, շվեյցարահայ հայտնի բարերար Վարդան Սերմաքեշին, սակայն նշեց. «Գերակա շահ ճանաչելու հիմքի բոլոր կետերը խոսում են միայն մեր կողմից, այլ ոչ թե Սերմաքեշի բիզնես նախագծի»:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև նույն հասցեի՝ Արամի 23-ի նախկին բնակիչ Մադլենա Սարոյանը, ում տունը նույնպես շինարարության հետևանքով վնասվել էր և գերակա շահ ճանաչված տարածքում է: Նա նշեց, որ մինչ խնդրի լուծումը, ապրում է իր սեփական գումարով վարձակալվող բնակարանում. «Մինչ այսօր հինգ անգամ դիմել եմ «Ի ԷՄ ՍԻ» կազմակերպությանը, որ վարձի փոխհատուցում տան, մերժել են: Եկեք, տեսեք իմ բնակարանը… Քաղաքապետի խորհրդականը հայտարարում է, որ տան պատի կեսը մնացել է, տան կեսը կա, այսինքն՝ քանդված բնակարանում մարդ կարո՞ղ է բնակվել»: