Ռուստամյանը հուսով է՝ աբսուրդը չի կրկնվի
՛՛Ինչո՞ւ փոխվեց Կառավարությունը, այս հարցի պատասխանը ոչ ոք չի ուզում տալ` առաջին հերթին, իհարկե, իշխանության ներկայացուցիչները՛՛,-ԱԺ-ում Կառավարության ծրագրի մասին խմբակցության անունից ելույթում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա դիմելով իշխանությանը հարցրեց, թե ինչու են փոխել վարչապետին , եթե նա լավն էր: ՛՛Եթե լավն էր` թող մնար, ինչի՞ ենք փոխել որ, իսկ եթե փոխում ենք, որ առաջընթաց ապահովենք, որը տրամաբանական կլիներ… լավ բա չի՞ բացատրվում` ի՞նչն ենք ուզում փոխել, առաջընթացի օրենքը դիալեկտիկայի հստակ է, եթե ուզում ես առաջընթաց`պիտի շարժվես բացասման բացասումի օրենքով, որը նշանակում է՝ պետք է հստակ ասենք` որոնք են բացասական երևույթները, որոնք`դրական կողմերը՛՛,-նշեց նա:
Ռուստամյանի խոսքով՝ նոր Կառավարությունը շատ լավ գիտի, թե ինչու փոխվեց նախորդը: ՛՛Իրենք լավ էլ գիտեն՝ ինչի փոխվեց, ուղղակի քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ պետք չէ բարձրաձայնել, բայց ուզում եմ հավատալ, որ իրենք գոնե հոգու խորքում գիտեն` ինչի փոխվեց ու ինչ է պետք փոխել՛՛,-ասաց նա: Ինչ վերաբերում է նոր ծրագրին, ապա պատգամավորը շեշտեց, որ այն չէ, ինչ պետք է լիներ, բայց հույս հայտնեց, որ նոր Կառավարությունը կունենա այնքան ողջամտություն, որ նախորդի նման աբսուրդ պատճառաբանություններ չներկայացնի` արդարացնելով տնտեսական անկումը` բնակլիմայական պատճառներով: