Դարձյալ Տիգրան Սարգսյանից. ով է պատասխան տալու
Ազգային ժողովն այսօր շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն իր ելույթում նկատեց, թե կառավարության ծրագրի այս քննարկումը տարբերվում է նախորդ քննարկումներից:
՛՛Մինչև 2008 թվականը Տիգրան Սարգսյանի վարչապետությամբ կառավարության ձևավորումը երկիրը բոլոր պաշտոնական ցուցանիշների համաձայն զարգանում էր երկնիշ տնտեսական աճով, ընդ որում՝ 2008-ի ձևավորված կառավարությունը սկզբնական շրջանում ընդունում էր այդ ցուցանիշները, փնովել սկսեցին ավելի ուշ՛՛,-ասաց պատգամավորը:
Մարգարյանի խոսքով՝ Տիգրան Սարգսյանի վարչապետությամբ ձևավորված կառավարությունը շատ արագ սկսեց ձախողումները և, ի վերջո, ավերեց երկիրը, տնտեսությունը: Պատգամավորի խոսքով՝ այս կառավարությունը ստանում է շատ ծանր ժառանգություն, առանց չափազանցության՝ տնտեսական ավերակներ.
՛՛Հուսով եմ ՝ասածս չի օգտագործվի հետագայում հնարավոր տապալումների դեպքում արդարանալու համար: Ես կարծում եմ, որ առաջին հերթին անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե այդ ինչպես ստացվեց, որ երկնիշ տնտեսական աճից հետո ունեցանք ավերակներ: Ի վերջո ո՞վ կամ ովքեր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար: Առանց այս հարցին պատասխանելու մենք չենք կարող առաջ գնալ՛՛: