Արաս Օզբիլիսի տրանսֆերի գործարքը կհայտնվի դատարանում
Հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկի ընկերությունը կդիմի շվեյցարական դատարան ընդդեմ Կրասնոդարի ”Կուբանի”` ակումբին մեղադրելով 2013թ.-ին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի` ”Սպարտակ” տեղափոխության գործարքի ընթացքում խարդախություններ իրականացնելու մեջ:
Այդ մասին Итар-Тасс-ին հայտնել է Դմիտրի Սելյուկը: ”Դատական հայց շվեյցարական դատարան կներկայացնենք հունիսին”,-տեղեկացրել է գործակալը: Սելյուկը հայտնել է, որ մինչև ֆուտբոլիստի ”Սպարտակ” տեղափոխվելն իր ընկերությանն է պատկանել ֆուտբոլիստի իրավունքների 50 տոկոսը: Մնացած իրավունքը պատկանել է ”Կուբանին”:
”Նախապես պայմանավորվածություն կար, որ եթե ”Կուբանը” 6 մլն եվրոյից ավել առաջարկ ստանա, ապա տեղափոխությունը պետք է համաձայնեցվի նաև ինձ հետ: Սակայն ղեկավարությունը հետևողական չեղավ: ”Կուբանը” վաճառեց ֆուտբոլիստին 2 մլն-ով, իսկ մնացած 6 մլն-ը փոխանցվել է ”Կուբանին” ուրիշ մեթոդներով, քանի որ ակումբն այլ կերպ չէր պատրաստվում բաժանվել ֆուտբոլիստից”,-նշել է Սելյուկը:
”Կուբանի” ղեկավարությունը հերքել է Օզբիլիսի տրանսֆերի ժամանակ կատարված խախտումների մասին լուրը: Հավելենք, որ Արաս Օզբիլիսը տեղափոխվել է ”Սպարտակ” 2013թ.-ին և 26 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: