28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի վտանգավոր «աջափսանդալները»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում իր էպատաժային գործելաոճից և շարունակում է թեժացնել ներքաղաքական իրավիճակը երկրում, ինչպես նաև լարում է հարաբերություններն Արցախի հետ…

Այս ամենն ունի երկու բացատրություն. կամ Փաշինյանը միտումնավոր է այս ամենն անում՝ կեղծ օրակարգերի միջոցով շեղելով հասարակության ուշադրությունը կառավարության բացահայտ ձախողումներից, կամ էլ այս «վհուկների որս օպերացիայի» նպատակը սեփական իշխանության ամրապնդումն է, որին պարոն Փաշինյանը ձգտում է հասնել ոչ թե օրինական մեթոդներով, այլ «փողոցի», որը և նրան իշխանության է բերել…

Հունիսի 5-ին ԱԺ այցելած պարոն Փաշինյանը, մոռանալով, որ նա ոչ թե ընդդիմադիր գործիչ է, այլ վարչապետ, ԶԼՄ-ներին տված հարցազրույցում մի քանի տարաբնույթ և զավեշտալի հայտարարություններ արեց… Ըստ պարոն Փաշինյանի` պարզվում է հենց նա է Արցախի ղեկավարությանը բանակցային գործընթացին վերաբերող տեղեկություններ տրամադրել…

Պարզվում է` Արցախում ոչ մեկը տեղյակ չի եղել Բաքվի հետ այսքան տարի ընթացող բանակցությունների մասին…

Այս հայտարարությունն այնքանով է զավեշտալի, որ տարածաշրջան այցելած Մինսկի խմբի համանախագահներն այցելել են ոչ միայն Երևան, որտեղ գրեթե մշտապես հանդիպել են Արցախի ղեկավարության հետ, այլև մեկնել են նաև Ստեփանակերտ…

Հետաքրքիր է, ըստ պարոն Փաշինյանի Երևանում և Ստեփանակերտում Արցախի ղեկավարության հետ հանդիպած Մինսկի խմբի համանախագահներն ինչից են խոսել, որ հիմա էլ պարզվում է` Արցախում չգիտեն բանակցային գործընթացի մանրամասները…

Անընդունելի է, երբ ՀՀ վարչապետը տարրական պրիմիտիվ կեղծիքների է դիմում՝ սեփական անձը կարևորելու համար…

Այո, ժամանակին Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանի պատճառով Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից, բայց դա չի նշանակում, որ դրանից հետո Արցախ այցելած միջնորդները այնտեղ են գնացել, ասենք, ժինգյալով հաց ուտելու համար և պաշտոնական Ստեփանակերտը տեղյակ չէ բանակցությունների մանրամասներից…

Մեկ տարի առաջ Հայաստանում իշխանության եկած Փաշինյանը հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ… Շատ դժվարին գործ է դա, բայց հետաքրքիր է, քանի «միլիմետր» է Փաշինյանն առաջ տարել իր այս խոստումը…

Վտանգավոր է նաև Փաշինյանի այն թեզը, որ Արցախը հակահեղափոխանների և դավադիրների որջ է դարձել…

Այսպիսի անհեռատես և վտանգավոր հայտարարությունները կործանարար հետևանքներ կարող են ունենալ մեր ժողովրդի համար…

Պարոն Փաշինյանը և նրա թիմը պատմություն չգիտեն…

Լավ կլինի Փաշինյանն ուսումնասիրի, թե հիմնականում ինչո՛ւ են կործանվել հայկական թագավորությունները…

Պատճառը՝ արքունիքի և «մարզային» իշխանությունների միջև բարդ հարաբերություններն էին, որից օգտվում էին մեր հարևանները, օրինակ՝ Պարսկաստանը և Բյուզանդիան, որոնք մեծ հաճույքով հովանավորում էին կենտրոնախույս ուժերին՝վերահսկողության տակ առնելով նրանց տարածքները…

Հուսամ, պարոն Փաշինյանը լավ է գիտակցում, որ արդի աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստան-Արցախ իր կողմից շինծու լարվածությունից կօգտվեն ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև այլ երկրներ, որոնք մեծ հաճույքով կհաստատվեն Արցախում…

Պարոն Փաշինյանն անդրադարձավ նաև բռնության քարոզին, իսկ հունիսի 6-ին կառավարության նիստի ժամանակ ոստիկանապետին և ԱԱԾ պետին հրահանգեց պայքար մղել սևազգեստ «ագրեսորների» դեմ…

Շատ ողջունելի հայտարարություն է, եթե դա վերաբերի նաև պարոն Փաշինյանի կողմակիցներին, որոնք բարոյական բոլոր նորմերը կորցրել են և օրը ցերեկով կարող են Երևանի կենտրոնում հարձակվել թոռների հետ զբոսնող մարդկանց վրա կամ էլ այդ նույն հրապարակում կոչ անել «քարով ցխել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»…

Սակայն, որքան նկատում եմ, պարոն Փաշինյանի մոտ ընտրովի պայքար է բռնություն գործադրողների նկատմամբ. նրանք էլ են բաժանված «մերոնցական-ձերոնցականների», որտեղ Փաշինյանի թավշյա «գլուխ ջարդողները» մենաշնորհային դիրք ունեն…

Հ.Գ. ՀՀ վարչապետի ներքաղաքական հռետորաբանությունը օր օրի ավելի վտանգավոր է դառնում, որն անընդունելի է…

Նյարդայնացած Փաշինյանի անընդունելի հայտարարությունները և պոռթկումները մեծ հաճույքով թարգմանում և արատատպում են հարևան Ադրբեջանում, որի իշխանությունները սեփական հասարակությանը համոզում են, որ Հայաստանի և Արցախի միջև ուղղակի հակամարտություն է տեղի ունենում և որից նրանք պետք է անպայման օգտվեն…

Չեմ զարմանա, եթե Հայաստանի և Արցախի հասարակություններին «սևերի» և «սպիտակների» բաժանման փաշինյանական ծրագրին ի պատասխան Բաքուն ևս մեկ մինի-պատերազմ սկսի հայերիս դեմ…

Ի դեպ, ՀՀ վարչապետը բացարձակ չի արձագանքում թուրք-ադրբեջանական վերջին սադրանքներին և հակահայ հայտարարություններին, որը շատ զարմանալի է…»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ