Սեռական բռնությո՞ւն է գործադրել անչափահաս տղայի նկատմամբ /վիդեո/
Ռոք երաժշտությամբ զբաղվող Հունան Համբարյանին մոտ երկու շաբաթ առաջ հեռուսընկերություններից մեկով հեռարձակվող “Կիսաբաց լուսամուտներ” ծրագրի շրջանակում մեղադրել են անչափահաս տղայի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ: Հունան Համբարյանն ու նրա պաշտպան Խաչատուր Մարոզյանը հայտարարեցին, որ նման դեպք չի եղել եւ նրանք դիմել են ոստիկանություն:
“Այդ հաղորդումից ինձ զանգահարեցին ու ասացին, որ հաղորդման ընթացքում իմ կարծիքն է հարկավոր ռոք երաժշտության վերաբերյալ: Ինձ հարմար չէր, աշխատանքի էի, չգնացի, բայց հետո իմանում եմ, որ ոմն Սևակ ասել է, որ ես աղանդավորական եմ ու բռնաբարել եմ 16-ամյա Դավիթին: Նախ ասեմ, որ ես այցելում եմ առաքելական եկեղեցի, իսկ երկրորդ՝ ես նման հակումներ չունեմ, ես նախընտրում եմ աղջիկներին”,-ասաց Հունանը:
Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը պարզվեց ոմն Սեւակն է, որին Հունանը ընդհանրապես չի ճանաչում: Բայց այդ հաղորդումից հետո ահագին բան է պարզել Սեւակ Հովհաննիսյանի մասին եւ Հունանը կհայտարարի դատարանում:
” Իսկ այդ լրագրողը ինչ իրավունք ուներ ինձ չզգուշացնելու, որ նման հայտարարություն է արվելու, նա ինձ խաբեց, բոլորովին այլ բան ասաց: Հիմա մեր ընտանիքը չի կարողանում դուրս գալ տանից, հայրս սրտի կաթված ստանալու եզրին է, իմ շաքարը բարձրացել է: Ի՞նչ իրավունք ունեին մեր ընտանիքի անվան հետ խաղալ: “Տաշիր պիցցա”–ում էի աշխատում, ինձ հեռացրել են հաղորդումից հետո”,-ասաց նա:
Հունան Համբարյանը մտածում է, որ գուցե հաղորդավար Հրաչ Մուրադյանն էր մտադիր վրեժ լուծել նրանից, քանի որ “Հայաստանի ձայն” նախագծի ժամանակ Հունանը վեճ էր ունեցել ժյուրիի անդամների հետ: Այդ ժամանակ հաղորդավարը Հրաչն էր:
Ինչ վերաբերում է անչափահասին տղային, ապա Հունան Համբարյանի պատմելով, ինքը այդ տղային ծանոթացել է համացանցով:
“Նա ինձ դիմել էր, որ վոկալ պարապեմ իր հետ, ասացի, որ այն տարիքում է որ չի կարելի երգել: Մենք շատ լավ հարաբերություններ ունեինք, ինձ համար զարմանալի է այս ամենը”,- ասաց նա: