Փաշինյանն իր աթոռի ամրապնդման դիմաց ժամանակ խնդրեց ու ստացավ Ալիևից: Հերթական խոստումը ջրվեց
Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը բանակցային գործընթացում չի կարող ներկայացնել Արցախը, և որ ամեն ինչ պետք է անի, որպեսզի Արցախի իշխանությունները նստեն բանակցային սեղանի շուրջ:
Փաշինյանի այդ հայտարարությունը երկու բան էր նշանակում՝
- նա պոպուլիզմով է զբաղվում,
- խուսափում է պատասխանատվությունից:
Կար նաև 3–րդ՝ թաքցվող կետը, այն է՝ հայտարարել, որ չես բանակցելու Արցախի հարցով, բայց իրականում ինտենսիվ բանակցել։
Հետագա զարգացումները հաստատեցին այս կետերի առկայությունը։
Այս պահին փաստն այն է, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ չի հայտնվել, բայց փոխարենը միջնորդները սկսել են խոսել «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին: Ասել է թե՝ «ժողովրդի» վարչապետի քայլերի շնորհիվ Արցախը չնստեց բանակցային սեղանի շուրջ, իսկ ահա Արցախի իշխանություններին իրենց կարգավիճակով միջազգային հանրության համար հավասարվեցին, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները:
Սա ուղղակի հետևանք է Փաշինյանի անհեռատես, դիլետանտ ու նաև վտանգավոր քաղաքականության: Սա ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի հետ սիլի-բիլի անելու և ադրբեջանցիներին խոստումներ տալու հետևանք է:
Փաշինյանն իր աթոռի ամրապնդման դիմաց ժամանակ խնդրեց ու ստացավ Ալիևից: Դա Դուշանբեում էր: Հիմա նրան այլևս ժամանակ չեն ուզում տալ ադրբեջանցիները և դրա համար էլ կրակում են՝ բանակցային սեղանի շուրջ տեղ բացելով … «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» համար: Սա՛ էր Արցախի հարցով Փաշինյանի այն սեփական կետը, որի մասին նա հպարտորեն հայտարարում էր:
Պետրոս Ալեքսանյան
7or.am