Փաշինյանը զգուշացրեց Աշոտյանին. նախարարը թույլ չի տա
՛՛Այս դահլիճում արդեն Ձեզ հետ մի քանի անգամ առիթ ունեցել ենք խոսել ՀՀ բուհերը, ուսանողական խորհուրդները հանրապետականացնելու պրոցեսի կապակցությամբ, և ես լրատվամիջոցներում տեսա, որ նույն բուհը, որի կապակցությամբ մենք բուռն քննարկումներ ենք ունեցել, խոսքը Երևանի տնտեսագիտական համալսարանի մասին է, այդ բուհի Գյումրիի մասնաճյուղում փորձ է արվում նմանատիպ պրոցեսների, և հայտնի պատմություններից հերոսներից մեկն այժմ էլ գործուղվել է Գյումրի, որպեսզի հանրապետականացնի Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճուղի ուսանողական խորհուրդը, ինչը բողոքի ալիք է բարձրացրել մասնաճյուղում, և բարեբախտաբար, ընտրությունները ձախողվել են՛՛,-այսօր Ազգային ժողովում, դիմելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, երբ քննարկվում էր ՛՛Հանրակրթության մասին՛՛ և ՛՛Գիտության՛՛ մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
Փաշինյանը շեշտեց՝ այս թեմային կրկին անդրադառնալու է, եթե հետևություններ չանեն: Աշոտյանն էլ արձագանեց, որ հարցը որևէ կերպ չի առնչվում քննարկվող նախագծի հետ, այնուամենայնիվ կպատասխանի. ՛՛Ես չունեմ հույսեր՝ կապված նրա հետ, որ կարող եք ինչ-որ բաներ մոռանալ:
Իմ քաղաքական գործունեության մեջ ես իմ հույսը դնում եմ հակառակորդների ուժեղ կողմերի վրա, ընդդիմախոսների թույլ կողմերը չեն կարող մեզ համար լինել առաջնորդող գործոն, ուստի երկար ժամանակ քանի դեռ Դուք պատգամավոր եք, ու այնքան ժամանակ քանի դեռ ես նախարար եմ, ցանկացած հարց այս ամբիոնից կարող եմ Ձեզ հետ միասին քննարկել՛՛:
Աշոտյանը նկատեց, որ պատգամավորն իրեն մեղադրում է ՛՛հանրապետականացնելու՛՛ մեջ, սակայն ինքն է այս թեմային անդրադառնում: ՛՛Կողմնորոշվեք` ես որ դերակատարն եմ ըստ ձեզ, չեմ կարծում, որ ԿԳՆ-ը պետք է խառնվի պետական բուհերից մեկի մասնաճյուղի ուսխորհրդի ընտրությունների գործընթացին: Եթե ուսանողն ունի քաղաքակն հայացքներ բուհից դուրս, ազատ կարող է այն իրացնել, բուհի ներսում ՀՀԿ-ականներն էլ, ՕԵկ-ականներն էլ, ՀԱԿ-ականներն էլ ակրող են առաջադրվել ցանկացած պաշտոնում և ՀՀԿ լինելու հանգամանքը այս կամ այն թեկնածուի… եթե հավատամ նրան, ինչ Դուք ասում եք, կստացվի, որ դիսկրիմինացիոն տեսակետներ ունեք, ուզում եք մարդուն դիսկրիմինացիայի ենթարկել քաքական հայացքների համար, ինչ է ՀՀԿ-ական է, ուրեմն պիտի իրավունք չունենա՞ մասնակցել գործընթացին՛՛,-ասաց Աշոտյանը:
Փաշինյանն էլ հայտարարեց, թե Աշոտյանն իրեն սխալ է հասկացել: ՛՛Դուք սխալ հասկացաք` ես Ձեզնից ու ձեր Կառավարությունից որևէ բան խնդրելու ցանկություն չունեմ: Ձեզ` որպես ԿԳՆ, որպես Տնտեսագիտականի խորհրդի անդամ, ասում եմ՝ կասեցրեք ձեր հանրապետական ուսանողական ՛՛բանդաներին՛՛, հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիները դա կանեն իրենց հասու մեթոդներով. ես Ձեզ չեմ խնդրում, ես զգուշացնում եմ, հետո չասեք, թե չենք զգուշացրել՛՛,-ասաց ՀԱԿ պատգամավորը: ՛՛Ձեր զգուշացումների կարիքը չունեմ, ոչ էլ նախազգուշացումների, ոչ էլ թույլ կտամ, որ այս դահլիճում Կառավարության ներկաացուցչի հետ որևէ մեկը խոսի քաղարկված սպառնալիքների լեզվով, ես Ձեզ վստահեցնում եմ, որ ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն: Ես չեմ խառնվելու ուսանողների ազատ կամարտահայտնությանը, ինչ վերաբերում է ՛՛բանդաներին՛՛, եկեք դրա մասին չխոսենք, ամոթ է, պատիվ չի բերում արձագանքնել նման բառամթերքով արտահայտված մտքերին՛՛,-եզրափակեց Աշոտյանը: