Ով է կուտ տալիս, ով է կուտ ուտում
՛՛Ձեր գործը կրթությունն է, ոչ թե ՀՀԿ-ի շահերն ու տեսակետները խորհրդարանում, ֆեյսբուքում արտահայտելը: Դրանից կրթությունը տուժում է: Իսկ ես մտահոգ եմ կրթության համար, ոչ թե ՀՀԿ-ի՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Կրթության՛՛ և ՛՛Հանրակրթության մասին՛՛ ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով ԿԳՆ Արմեն Աշոտյանին:
՛՛Չեմ կարող դրան չպատասխանել, եթե չպատասխանեմ այստեղ, ֆեյսբուքում կգրեմ՛՛,-արձագանքեց նախարարն ու հավելեց, որ երբ գալիս է ԱԺ հարց ներկայացնելու, իր առջև ՀՀԿ-ից խոսելու գերակայություն չի դնում: ՛՛ Այդ դուք եք ինձ հիշեցնում, որ ես ՀՀԿ-ական եմ, դուք եք հանրապետականացնում իմ ելույթները, գործունեությունը, դուք եք ամեն ինչ անում, որ ինձ կրթության խնդիրներից տեղափոխեք քաղաքական դաշտ: Երևի կրթության խնդիրներն այնքան գրավիչ չեն, որքան քաղաքական խնդիրները, բայց մի մեղադրեք, որ ես եմ դա անում: Ես գալիս եմ այստեղ զտարյուն կրթական նախաձեռնություններով, ոչ մի օրենքի տակ չկա քաղաքականություն՛՛:
Աշոտյանը նաև ընդգծեց, որ ԿԳ նախարարության կողմից ներկայացված փաստաթղթերը բխում են ՀՀԿ-ի ծրագրից: ՛՛Այսքանն է իմ կապը որպես նախարար մինչև ժամը 6-ը կուսակցության հետ: Թե դրանից հետո ես ի՞նչ կանեմ, շաբաթ կիրակի որպես կուսակցական, որպես քաղաքացի ես ինչ կանեմ, դա իմ անձնական գործն է, մի սահմանափակեք այն ըմբոշխնելու իմ ազատությունը՛՛:
Արամ Մանուկյանն էլ հակադարձեց, թե Աշոտյանն իրեն բացարձակ չի կարող խանգարել, կարող է խանգարել կրթության համակարգին: ՛՛Կառավարության մնացած բոլոր նախարարներն իրար հետ գումարած այդքան ՀՀԿ-ական չեն ներկայանում, ինչքան դուք՛՛: ՀԱԿ պատգամավորը կարծում է, որ Կրթության նախարարը չպիտի կուսակցական լինի:
՛՛500 հազար աշակերտների համակարգում ՀՀԿ նախարարի գործունեությունը հակացուցված է, օրինական է, օրենքը չի արգելում ձեզ, բայց իմ ասածը մտահոգություն է, իրավունք չունեք կուսակցական գործունեությամբ զբաղվել ու դուք կուլ եք տալիս այն կուտը, որը ձեզ տալիս են ու ամբողջ օրը դրա հետ եք կռիվ տալիս՛՛:
Աշոտյանն էլ խոստովանեց. ՛՛Լինում են դեպքեր, երբ ես իմ քաղաքական գործունեության մեջ կուտ եմ ուտում, բայց եթե վերջնահաշվարկ անեմ հենց հիմա, կստացվի, որ ես ավելի հաճախ կուտ եմ տվել, քան կուտ եմ կերել՛՛: