Անգամ Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Խաչատրյանը եւ այլք պետք է աշխատեն հավասար պայմաններում. վարչապետ /վիդեո/
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կառավարությունը որդեգրել է խաղի նոր կանոններ եւ ըստ այդմ Հայաստանում բոլոր գործարարները պետք է աշխատեն հավասար պայմաններում:
“Ես ցանկանում եմ ասել, որ ես ինձանից եմ սկսելու, որպեսզի բոլորը հասկանան, որ պետք է հավասարություն լինի”,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով, գործարարությամբ զբաղվելը ամոթ բան չի, եթե գործարար լինեն, բոլորն էլ այդ մասին կասեն: “Մենք կողմ ենք, որպեսզի բոլորն էլ զբաղվեն բիզնեսով, սակայն դա պետք է լինի հավասար պայմաններում: Եվ ես խնդրում եմ, որպեսզի բոլորն աշխատեն հավասար դաշտում, իսկ եթե ոչ, ապա մենք կկիրառենք մեր լծակները”,- ասաց նա:
Վարչապետը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի օտարեկրյան ներդրողների համար նույնպես Հայաստանը գրավիչ դառնա: Իսկ հարցին, թե Հայաստանում շարքային գործարարները կարո՞ղ են հավասար պայմաններում աշխատել Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Խաչատրյանի հետ, Աբրահամյանը պատասխանեց, որ չի ցանկանում անուններ առանձնացնել, սակայն իր մեսիջը, որ բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում, վերաբերում է անխտիր բոլորին:
Մանրամասները տեսանյութում: