25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անկումային երկու ամիսներից առաջինը: Վիճակագիրները հրապարակեցին 2019-ի սոցիալ-տնտեսական ցուցանիշները

Վիճակագիրները հրապարակեցին 2019-ի սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Այս պահից սկսած՝ այդ ցուցանիշների նկատմամբ վերաբերմունքն այլևս ուրիշ է։ Նոր կառավարությունը երևի հենց այս ամսից կարող է համարել, որ տնտեսական ցուցանիշները համեմատելու է իր իսկ գործունեության նախորդ տարվա ցուցանիշների հետ։

Կարծում եմ, որ ոչ ոք չի առարկի, որ 2018-ի ապրիլից երկրի թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական կյանքում ընթացող պրոցեսների հեղինակն ու պատասխանատուն նոր իշխանություններն են։ Ասել կուզի՝ այս ցուցանիշներն առժամանակ հիմնականում քաղաքական վերլուծության են արժանանալու։ Հնարավոր է, որ այդպես իրավացի է։ Որովհետև 2018-ի գոնե ապրիլ-մայիսը զուտ տնտեսական առումով, մեղմ ասած, «թույլիկ» են։ Արմատական փոփոխությունների շրջանում տնտեսական կյանքն աշխույժ չէր (դասական հասարակագիտության տեսանկյունից՝ չէր էլ կարող լինել)։ Ուստի մեր իշխանությունների համար հետաքրքիր ժամանակ է սկսվում։ Առնվազն երկու ամիս։

Հետաքրքիր կլինի դիտարկել՝ կդիմանա՞ն արդյոք «գլուխ գովելու» գայթակղությանը։ Թե՞ կսկսեն հպարտանալ ու սխրագործություն համարել իրենց աշխատանքը՝ համեմատելով 2018-ի հետհեղափոխական ու տնտեսական իմաստով պակաս արդյունավետ ամիսների հետ։ Կրկնենք, որ հատկապես անցած ապրիլ-մայիսն է, որ տնտեսական տեղատվության շրջան է։ Կարելի է, օրինակ տարփողել, որ այս ապրիլը, նախորդ տարվա համեմատ, տնտեսական ակտիվության 9․2–տոկոսանոց աճ է արձանագրել։ «Պոպուլիզմ» ասվածը երևի հենց սա է։

Մակրոտնտեսական թվերի հաշվետվության մեջ միշտ էլ կարելի է գտնել դրվագներ, որոնցով կարելի է հպարտանալ։ Օրինակ, որ նախորդ շրջանի համեմատ՝ աշխատավարձերը պետական հատվածում ավելի առաջանցիկ են, քան մասնավոր հատվածում։ Ոչինչ, որ խոսքը աշխատավարձերի ընդամենը 5-7–տոկոսանոց աճի մասին է։ Ոչինչ, որ բոլորը գիտեն, որ տնտեսագիտության տեսանկյունից այս փաստը ոչինչ չի նշանակում։ Փոխարենը՝ կարելի է հպարտանալ։ Առանց նկատելու, որ, ասենք, «արդյունաբերական արտադրանքի ծավալ» կոչվածի հաշվետվությունը հպարտանալու տեղ չի թողնում։ Ճիշտ է, այն անցած տարվա ապրիլի համեմատ 13․2–տոկոսանոց աճ է արձանագրել։ Բայց հենց այդ «աճը» համեմատում ես, ասենք, այս տարվա մարտի ցուցանիշի հետ, տեսնում ես, որ իրականում անկում է գրանցված (անկում ուղիղ 3 տոկոսով)։

Նույն իրավիճակն է շինարարության ոլորտում։ Շինարարությունը ապրիլին, անցած ապրիլի համեմատ, 1․8 տոկոս աճ է արձանագրել, իսկ այս տարվա մարտի նկատմամբ կրճատվել է համարյա 12 տոկոսով։ Օրինաչափության տեսանկյունից նույն վիճակն է առևտրի շրջանառության ոլորտում։ Այլ թվերով ու համամասնությամբ, իհարկե։ Կրճատում շարունակում է արձանագրվել մակրոտնտեսական մյուս հարգի (կամ արդի բառապաշարով ասած՝ էլիտար) ոլորտում։ Խոսքն էլեկտրաէներգիայի արտադրության մասին է (նվազումը 9․2 տոկոս է)։

Այ այստեղ է, որ իշխանություններին «օգնության է գալիս» ծառայությունների ոլորտը։ Ի տարբերություն տնտեսության իրական հատվածի՝ այստեղ «ստեղծագործելու» անսահմանափակ հնարավորություն կա։ Մի կողմից կարելի է պայքարել ծառայությունների ոլորտի համար «ոսկե ձվեր» ածող բուքմեյքերական գրասենյակների և այլ վիճակախաղեր կազմակերպող կազմակերպությունների ու խաղատների դեմ։ Պայքարել՝ նոր օրենքներ ընդունելու սպառնալիքով։ Բայց մյուս կողմից կարելի է ոգևորությամբ արձանագրել, որ ծառայությունների ոլորտն աճել է։ Աճել է բոլոր համեմատությունների տեսանկյունից։ Ճիշտ է, ընդամենը կես տոկոսի չափով, բայց աճել է։ Ոչինչ, որ տնտեսության արտաքին կապերի հատվածը բնութագրող թվերը լավատեսական տրամադրությունից ոչինչ չեն թողնում։ Արտաքին ապրանքաշրջանառության կոնկրետ թվերն առայժմ հրապարակվում են առանց մանրամասն համեմատությունների։ Սակայն դրանք անկում են արձանագրում։

Արտաքին ապրանքաշրջանառության մոտ 443 մլն դոլարանոց ծավալը նախորդ տարվանից մոտ չորս տոկոսով պակաս է։ Ընդ որում, պակաս ասվածն «ամենատհաճ» դրսևորումն ունի։ Ներմուծումների ցուցանիշը կարելի է տանելի գնահատել (թեկուզ և կրճատման պարագայում)։ Իրական բացասական երևույթն արտահանումների ծավալի կրճատումն է մոտ 8․6 տոկոսի չափով։ 2019թ. առաջին չորս ամիսներին մեր երկրից արտահանվել է 145 մլն դոլարից մի փոքր պակաս արժեքի ապրանք։

Ահա այսպիսին է 2019-ի հունվար-ապրիլ ամիսների մակրոտնտեսական նկարագիրը։ Կրկնում ենք՝ թե՛ այս, թե՛ հաջորդ ամսվա տնտեսական իրավիճակը նկարագրող տվյալները շատ ավելի շատ զուտ քաղաքական վերլուծության են ենթարկվելու, քան տնտեսական։ Եւ որ նման մոտեցման հիմքում նույնիսկ զուտ տնտեսական հիմնավորում կա։

Արա Գալոյան

 politeconomy.org

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ