Ընդունեց Սեյրան Օհանյանը
Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ի.Վոլինկինին` ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական եւ ռազմաօդային կցորդի ներկայացման կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց նորանշանակ ռազմական եւ ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Ս.Իշչենկոյին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման առիթով եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում իր առաքելությունն ավարտած ռազմական եւ ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Լոբովին:
Նույն օրը գեներալ-մայոր Ս.Իշչենկոյին ընդունեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաեւ նախանշվեցին հետագա զարգացման ուղիները: