Սվետլանա Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 14-ին
Սվետլանա Գրիգորյանի անունը և հիշատակը վառ կմնա նրա բազմահազար երկրպագուների սրտերում
Հայ թատրոնը ծանր կորուստ կրեց: Կյանքի 84-րդ տարում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ Մովսես Խորենացի և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, ճանաչված ու սիրված կատակերգակ Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը:
Ծնվել է 1930 թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում, զինվորականի ընտանիքում: 13 տարեկանում արդեն թատերական ուսումնարանի սան էր: 1949 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը և աշխատանքի անցել նորաստեղծ օպերետային թատրոնում, որին անմնացորդ նվիրվեց մինչև իր կյանքի վերջը: Կոմեդիայի թատրոնում նա ի հայտ բերեց իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձավ հանդիսատեսի հոգու մշտական տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։ Ս. Գրիգորյանի մուտքը երաժշտական կոմեդիայի թատրոն եղավ այնքան շռնդալից, որ վեց տասնամյակից ավելի նա տիրաբար գրավեց հայ բեմը՝ նոր գույն, նոր որակ հաղորդելով օպերետային, ապա և՝ կատակերգական ժանրերին:
Ս. Գրիգորյանն այն եզակի դերասաններից էր, ով ունեցավ 65 երկար ու ձիգ տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում, կերտեց հարյուրից ավելի դերեր՝ մշտապես արժանանալով հանդիսատեսի սիրուն ու համակրանքին, թատերագիտական մտքի հիացքին՝ Ավ. Իսահակյանի, Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Փափազյանի, Գ. Գասպարյանի, Ս. Կապուտիկյանի, Կիրիլ Լավրովի, Ռոբերտ Ստուրուայի, Սերգեյ Մարտինսոնի և շատ այլ մեծությունների հիացական կարծիքներին:
Բեմական գործունեության երկար ճանապարհին հատկապես աննախադեպ է նրա դերախաղը հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ: Ճակատագրական եղավ նրանց հանդիպումը 1949 թ. Մի քաղաք կա Վոլգայի վրա օպերետում, որ շարունակվեց ավելի քան 55 տարի: Կարպ Խաչվանքյան-Սվետլանա Գրիգորյան հրաշազույգը խաղաց տասնյակ դերեր՝ միմյանց լրացնելով ու ներկայացումները դարձնելով կատարյալ բեմական հրավառություն:
Բազմաթիվ ու բազմաբնույթ էին Ս. Գրիգորյանի դերակատարումները, որոնցում նա դրսևորեց ստեղծագործական իր անհատնում հնարավորությունները, ստեղծեց իր վառ, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի Գրիգորյանական կերպավորման տեսակը։ Իսկ այդպիսի դերերը բազմաթիվ էին ու տարաբնույթ՝ Կոլոմբինա («Վենետիկյան երկվորյակներ»), Լիսենա («Պարերի ուսուցիչը»), Նունուֆար («Հին հիվանդություն»), Մարթա («Ատամնաբույժն արևելյան»), Ժաննա («Ռոզ Մարի»), Նատա («Սոֆիկի սխալը»), Ռոզալյա («Չանիտայի համբույրը»), Բալասան («Ծաղիկների աշխարհում»), Խանում («Խանումի արարքները»), Ժիվկա («Տիկին մինիստրուհին»), Մարիետա («Բայադերա»), Կարմեն («Սեր աստղերի տակ») և այլն: Նրա ցայտուն և առասպելական հաջողություն ունեցած կերպավորումներից են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։ Վերջինս արդեն 38 տարվա բեմական կյանք ունի և խաղացվել է ավելի քան 3500 անգամ։
Նա նաև Երևանի հեռուստաթատրոնի հիմնադիրներից է և 1957-1986 թթ. այդ թատրոնում խաղացել է 20-ից ավելի դերեր՝ հիմնականում գլխավոր: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել միջազգային տասնյակ մրցանակների՝ նույնպիսի ընդունելություն գտնելով արտերկրում, ինչպիսին Հայրենիքում էր։ Նա հիրավի դարձավ համայն հայության սիրելի դերասանուհին՝ արժանիորեն ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում արժանանալով Ծիծաղի թագուհի տիտղոսին:
Ս. Գրիգորյանի անունը և հիշատակը վառ կմնա նրա բազմահազար երկրպագուների սրտերում և հայ թատրոնի պատմության մեջ:
Սվետլանա Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևան Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում` Նոր Նորքի 5-րդ զանգված): Վերջին հրաժեշտը՝ մայիսի 15-ին՝ ժամը 12:00-14:00, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Կառավարական հանձնաժողով