Հ. Նաղդալյանը պարզաբանում է
Լրատվամիջոցներից մեկն այսօր հաղորդել էր, որ ՀՀԿ-ականները՝ ի դեմս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀԿ ֆրակցիայի նորանշանակ ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ձախողում են ,,Կուտակային կենսաթոշակների մասին,, օրինագծի քվեարկությունը՝ հետաձգելով այն նախորդ օրը մնացած հարցի քննարկումից հետո, մինչդեռ լրատվամիջոցի դիտարկմամբ՝ ԱԺ կանոնակարգով ՝ արդեն քննարկված յուրաքանչյուր հարցի քվեարկություն տեղի է ունենում հաջորդ օրվա նիստի սկզբին: Ինչո?վ էր պայմանավորված քվեարկության հետաձգումը և արդյոք հիմնավորված էր այն թե ոչ, հարցի պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին.
-Որքան են մեր լրատվամիջոցները սիրում նեգատիվ տեղեկատվություն հաղորդել, ինչպիսի գերմարդկային հաճույք են զգում տարատեսակ ,,ձախողումների,, , ,,անկումների,,, ,,ֆիասկոների,, և այդ շարքի այլ թեմաներից խոսելիս, պատկերացնո?ւմ եք՝ ինչ էյֆորիայի մեջ կընկնեն, եթե ինչ-որ բան իրականում ձախողվի: Եվ եթե սպասված ձախողումը չկա, ապա պետք է ամեն ինչ անել, թեկուզ հորինել, ժամանակից առաջ ընկնել կամ կանոնակարգի իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություն անել, մի խոսքով՝ ամեն ինչ կարելի է, միայն մի չար լուր բարձրաձայնելու հնարավորություն ունենան: ,,Տխուր լուրը վայելել շտապողներին,, տխրեցնեմ՝ ,,Կուտակային կենսաթոշակների մասին,, ՀՀ օրենքի նախագիծը քվեարկվել և ընդունվել է, որոշ մարդկանց համար ,,ցավալիորեն,, ոչինչ չի ձախողվել: Եվ չի ձախողվելու: