Քննարկվում են ֆիզիկայի արդի հիմնախնդիրները
Մայիսի 13-ին մեկնարկել է «Ֆիզիկայի արդի հիմնախնդիրները» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը։ Այն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։
Միջոցառման նպատակն է ուսանողներին ծանոթացնել ֆիզիկայի տարբեր ճյուղերում ընթացող ժամանակակից հետազոտությունների և ձեռքբերումների հետ: Եռօրյա ծրագրի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, գիտական քննարկումներ, զեկույցներ կհնչեն ինչպես փորձառու գիտնականների, դասախոսների, այնպես էլ երիտասարդ գիտաշխատողների կողմից։
Մասնավորապես, կներկայացվեն հետևյալ զեկույցները՝ «Ատոմի երկու վաղ մոդելների մասին», «Ատոմը ուժեղ մագնիսական դաշտում», «Քվանտային համակարգիչ. հեքիաթ թե իրականություն» և այլն։
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Ասլանյանը նշում է, որ նման երիտասարդական դպրոցները թարմ գաղափարների հետ ծանոթանալու հնարավորություն են։ Իսկ ցանկացած թարմ գաղափարի հետ շփվելով՝ մասնագետը կապվում է համաշխարհային գիտական մտքի հետ, ինչը կարող է հանգեցնել նոր գաղափարների առաջացման, որոնք կարող են տեսական, փորձարարական, ֆունդամենտալ, կիրառական հետազոտությունների հիմք դառնալ։ Պարոն Ասլանյանը նշում է նաև, որ մեր երիտասարդ ֆիզիկոսները բավականին մրցունակ են համաշխարհային գիտական ասպարեզում. «ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները, ավարտելով բուհը, միջազգային ամենալուրջ կենտրոններում տեղավորվում են աշխատանքի, շարունակում են ուսումը, նրանց շատ լրջորեն են վերաբերվում»։
Երիտասարդ գիտնականների դպրոցի համակարգող Հենրիխ Բաղրամյանը նկատում է, որ թեմաների լայն շրջանակ է ընդգրկված իրենց ծրագրում` միջուկայինից մինչև քվանտային ֆիզիկա։ Նման դպրոցները կօգնեն երիտասարդ ֆիզիկոսներին ավելի լավ կողմնորոշվել՝ հետագայում որ ուղղությամբ մասնագիտանալ։ Հենրիխ Բաղրամյանն ընդգծեց նաև, որ դպրոցին մասնակցում են տարբեր բուհերի ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, ֆիզիկոսներ մարզերից։
«Ֆիզիկայի արդի հիմնախնդիրները» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի, ֆակուլետում գործող երկու այլ ուսանողական ընկերությունների (OSA, SPIE) կողմից։