Միլիոնավոր, միլիարդավոր դրամների կոռուպցիա
Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Առևտրի և ծառայությունների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացնելով նախագիծն՝ ասաց, որ սա նպատակ է հետապնդում կրճատել ստվերը:
Ըստ նախագծի՝ ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված մի խումբ ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է։ Այդ ապրանքատեսակները հիմնականում առաջին անհրաժեշտության են` կաթնեղեն, սուրճ, թեյ, ձեթ, ձկնեղեն, պահածոներ, պաղպաղակ, կոսմետիկա, օճառ եւ այլն։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց Միրումյանից. ՛՛Շաքարավազի ներկրման շուկայում գոյություն ունեցող ստվերը կրճատելու պարագայում կարելի է տատիկների ու պապիկների սոցիալական վիճակը բարելավել:
Հայաստանում եռամսյակում շաքարավազի սպառումը մոտ 20 հազար տոննա է։ Ըստ պետեկամուտների կոմիտեի՝ այս տարվա առաջին եռամսայակում Հայաստան է ներկրվել 523,5 տոննա շաքարավազ։ Եթե հաշվի ենք առնում նախկինում ծավալները և հանում ենք, ստացվում է, որ մեր երկրում շաքարավազի դեֆիցիտը կազմել է 15 հազար տոննա, այսինքն՝ հունվար, մարտ ամիսներին մեզ չի հերիքի 15 հազար տոնա շաքարվազ։ Բայց ինչպես տեսնում եք, Հայաստանում շարաքավազի բուն հերթեր տեղի չեն ունեցել և խանութներում շաքարավազը նորմալ վաճառվել է՛՛: Ըստ Փաշինյանի՝ իր ասածի մեկնաբանությունն այն է, թե Հայաստանում արտադրվել է շարքարավազ և դեֆիցիտն այդպես է ծածկվել։ ՛՛Այստեղից չե՞ք կարող արդյոք եզրակացնել, որ շաքարի հումքի հետ ներկրվում է շաքարավազ և այսպես արվում է, որպեսզի մաքսատուրքեր, հարկեր չառաջանան։ Սա միլիոնավոր, միլիարդավոր դրամների շրջանառություն է և նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ երևում է, որ այստեղ մենք գործ ունենք կոռուպցիոն հսկայական ռիսկերի հետ՛՛,-հարցրեց նա:
Միրումյանը պատասխանեց, որ ստվերի դեմ պայքարն իրենց հետևողական միջոցառումների իրականացման գերակայություներից մեկն է։ Ինչ վերաբերում է թվերով ներկայացված հարցին, ապա Միրումյանը նշեց, թե ինքն այս պահին չի տիրապետում վիճակագրությանը։ ՛՛Պետք է նկատի ունենալ նաև, որ ՀՀ ներմուծվող շաքարավազն օգտագործվում է ոչ միայն վերջնական սպառման նպատակով, այսինքն՝ բնակչության սպառման նպատակով, այլ նաև զգալի մասը օգտագործվում է արտադրական սպառման նպատակով՛՛:
ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց, որ թվերը կուսումնասիրեն, ապա կներկայացնեն արդյունքները: