Մինչ օրս բռնության ենթարկված զոհերի իրավահաջորդներին պետությունը հատուցում չի տվել
”ՀՀ սահմանադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ տուժողներն օրենքով սահմանված կարգով ստանում են փոխհատուցում, սակայն մինչ օրս բռնության ենթարկված զոհերի իրավահաջորդներին պետությունը հատուցում չի տալիս: Խոսքս վերաբերում է նաև Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդների փոխհատուցում տալուն”,-այսօր Ազգային ժողովի նիստում ՛՛Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛ նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
՛՛Փոխհատուցում տալիս են վառված ավտոմեքենաների տերերին, բայց ոչ մի սպանվածի, ոչ մի խեղվածի փոխհատուցում չի տրվում և Կառավարությունը այդ բացը լրացնելու համար օրենսդրական նախաձեռնություն չի ներկայացնում՛՛,-նկատեց նա:
Արդարադատության փոխնախարար Արմեն Թաթոյանն արձագանքեց, որ այս խնդիրն արդիական է, ունի երկու բաղադրիչ՝ իրավական և ֆինանսական: ՛՛Ինչ վերաբերում է Ձեր հարցում հնչած պարտադրանքին և հետո նոր ՀՀ օրենսդրությունում կատարվող փոփոխությանը, ասեմ, որ եթե վերցնենք փոխհատուցմումը, ապա այն ՀՀ-ում ավելի շուտ է ընդունվել, քան մինչև Եվրոպական դատարանի վճռի կայացումը, պարզապես վճիռների գործունեությունը արագացրեց այս գործընթացը՛՛: Զոհերի իրավահաջորդների փոխհատուցման վերաբերյալ Թաթոյանն ասաց, որ դա համակարգային ուսումնասիրության խնդիր է, և ինքը ևս կարծում է, որ պետք է անպայման նկատի ունենալ դա օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ: