՛՛Էս նեղ մաջալին՛՛… Կենսաթոշակների մասին նախագիծն ընդունվեց
՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարության ներկայացրած նախագծի քվեարկությունից առաջ վարման կարգով ձայն խնդրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա տեղեկացրեց, որ երեկ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են տարբեր քաղաքացիների, ՛՛Դեմ եմ՛՛-ի ակտիվիստներին, լսել նրանց տեսակետն ու հասկացել, որ այս նախագիծը կես քայլ առաջ է որոշակի իմաստով ու մեղմում է լարվածությունը: Միաժամանակ Զոհրաբյանը նկատեց, որ օրինագիծը թերի է ու կիսատ, մի շարք հարցեր կան, որոնք բաց են մնում: Ըստ այդմ էլ որոշել են. ՛՛ԲՀԿ-ը քվեարկելու է ձեռնպահ, եթե քառյակում կայացվի որոշում ստորագրահավաք սկսել արտահերթ նիստի պահանջով, ԲՀԿ-ը միանալու է՛՛,-հայտարարեց Զոհրաբյանը:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը ևս նշեց, որ կես քայլ առաջ է նախագիծը, խնդիրն ամբողջությամբ իր լուծումը չի ստանում: ՛՛ՕԵԿ-ը նախագծին քվեարկելու է ձեռնպահ՛՛,-տեղեկացրեց Մարգարյանն ու հավելեց, որ իրենց խմբակցությունը ներկայացրել է նոր նախագիծ և առաջարկում մյուս խմբակցություններին ևս միանալ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու: Չնայած ՀՅԴ—ը երեկ հայտարարել էր, որ կողմ է նախագծին, սակայն այսօր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իրենք միշտ դեմ են եղել պարտադիր բաղադրիչին, այս նոր նախագծում քաղաքացու կամարտահայտութոնը հաշվի է առնված, միաժամանակ ՀՅԴ-ը հասկանում է, որ սա քայլ առաջ է նախկին Կառավարության կարծր դիրքորոշումից: ՀՅԴ-ը որոշել է ձեռնպահ քվեարկել:
՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ իրենք դեմ են քվեարկելու:
ՀՀԿ-ից Հակոբ Հակոբյանին զարմացրեց ձեռնպահ քվեարկելու երեք ուժերի որոշումը: ՛՛Դուք քառյակով ի՞նչի համար էիք պայքարում, որ հասարակության հետ հաշտ ու խաղաղ ճանապարհով գնաք, թե ավելի բարդացնեիք համակարգը՛՛,-հարցրեց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նկատեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր կարծիքը, սակայն քաղաքական կամք պետք է դրևսևորել ու հասկանալ դրական տեղաշարժը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ ընդգծեց, որ ձեռնպահ է քվեարկելու: ՛՛Մենք հետաձգում ենք խնդիրն ու ստեղծում ենք նոր խնդիր. վեց ամիս հետո սա ձնագնդիկի նման հավաքվելու է: Էս նեղ մաջալին անհասկանալի է, ինչու է 21 միլիարդ հանվում շրջանառությունից՛՛:
Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության ու ընդունվեց 68 կողմ, 12 դեմ և 36 ձեռնպահ ձայներով: