22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մինչև ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող հարկային ու մաքսային արտոնությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են կառավարությունից:

Մինչ քննարկում սկսելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լյուքսեմբուրգ, Բրյուսել և Չինաստան կատարած իր աշխատանքային այցերին՝ նշելով, որ ընդհանուր առմամբ հաջող է գնահատում այդ այցերը, և առաջիկայում խորհրդակցություններ կանցկացվեն՝ կոնկրետ ուղղություններով կոնկրետ պայմանավորվածությունների հետ կապված հարցերը քննարկելու համար:

Այնուհետև քննարկվել են խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցերը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումների, շրջանառու միջոցների և հումքի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն ստացած, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի մինչև 3 տարի ժամկետով տարաժամկետում ստացած ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

Նախարարը նշել է, որ ներմուծման մաքսատուրքից ազատումը գործում է ՀՀ կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշմամբ և ներկայացրել ընկերությունների կողմից սահմանված ժամկետում ներկայացված հաշվետվությունների հիման վրա ձևավորված փաստացի տվյալները: Առ այսօր նմանատիպ արտոնություններ է տրվել 106 ընկերության, որոնց ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է մոտ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար, որից փաստացի ներդրումների ծավալը կազմել է 554 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսված 9230 աշխատատեղից փաստացի մինչ օրս ստեղծվել է 5351 աշխատատեղ: 41 ծրագիր՝ 481 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով և 3400 նախատեսվող աշխատատեղերով, հաստատվել է 2018թ. երկրորդ կիսամյակից հետո ընկած ժամանակահատվածում: Այս պահի դրությամբ ավարտված է 7 ծրագիր՝ 31 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, ստեղծվել է 432 աշխատատեղ:

Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը գործում է 2009 թվականից: ԱԱՀ արտոնություն է տրվել 121 ներդրումային ծրագրի, նախատեսված ներդրումների ծավալը կազմում է 750 մլրդ ՀՀ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9782 մարդ: Ըստ կարգով նախատեսված 2018 թ. տարեկան հաշվետվությունների՝ փաստացի ներդրումների ծավալը կազմել է 651 մլրդ ՀՀ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9175: Ավարտվել է 56 ծրագիր:

30 ներդրումային ծրագիր արտոնություն է ստացել ինչպես ԱԱՀ-ի հետաձգման, այնպես էլ մաքսատուրքից ազատման մասով:

Նշված հարցերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են մաքսատուրքից ազատման և ԱԱՀ տարաժամկետման արտոնություններ ստանալու կարգերում հնարավոր փոփոխությունները, որոնք ուղղված կլինեն ընկերությունների հաշվետվողականության և արտոնությունների հասցեականության բարձրացմանը: Արծարծվել են, մասնավորապես, արտոնությունների տրամադրման գործընթացների պարզեցմանը, ծրագրերի ընթացքի հրապարակայնության բարձրացմանը, մոնիթորինգի համակարգի բարելավմանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարևորել է նշված արտոնությունների գծով կառավարության անհատական որոշումներից անցումը ընդհանուր կարգավորման և հանձնարարել պատասխանատուներին՝ երկամսյա ժամկետում ներկայացնել կանոնակարգող փաստաթղթերի լրամշակված նախագծերի փաթեթ:

Հաջորդիվ զեկուցվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղտեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության (լիզինգ), ոռոգման արդիական համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, «խելացի» անասնաշենքերի կառուցման, տավարաբուծության, տեղական սերմնաբուծության ծրագրերի միջանկյալ արդյունքներին: Նշվել է, որ ծրագրերն իրականացվում են նախատեսված միջոցառումների և աշխատանքների շրջանակում:

Վարչապետը, կարևորելով գյուղի և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի պատշաճ իրականացումը, միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարել ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հետ խորհրդատվական և իրազեկման աշխատանքների շարունակական իրականացումը: «Կառավարության անդամները, նախարարությունները, փոխնախարարները, յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է գաղափարախոսի դերակատարում ունենա: Սա ամենակարևորն է: Այսինքն՝ ինքն անընդհատ պետք է մարդկանց հետ խոսի և բացատրի՝ մենք ինչ ենք անում, ինչ պետք է անենք, ինքն ինչ պետք է անի: Մինչև ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման խնդրին, և կարևորելով այդ ցիկլի անխափան ապահովումը, հանձնարարականներ տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ