Տոմս չունեցողները պարզապես լուսանկարվում էին /վիդեո/
“Բա ի՞նչու եք լրագրողներով այսքան քիչ”,-Շառլ Ազնավուրի համերգից առաջ հարցրեց մի կին՝ մարզահամերգային համալիրի տարածքում աշխատող լրագրողներիս: Մինչ կպարզեինք կնոջ հետաքրքրասիրությունը՝ շարունակեց. “Մի քանի անգամ որպես լրագրող ներս եմ մտել: Շատ էին, խառնվեցի ու մտա՝ չջոկեցին”,-ասաց նա:
Այն հարցին, թե չի կարողացել տոմս գնել՝ ասաց. “Տղա ջան, ես էդքան փող չունեմ”:
Նշենք, որ Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգի տոմսերի արժեքը 10.000-60.000 դրամ էր:
“Հիմա էլ բերել, 10 հազարանոցը 70-80 հազար դրամով ծախում են: Բա՞ սա մարդկություն ա, ասում եք Ազնավուր, հայ ա, լեգենդ ա, բա տենց բան կանի հայը՝ հային”,-զրույցին խառնվեց մի ուրիշ երկրպագու:
Կային նաեւ այնպիսիք, ովքեր հնարավորություն ունեին տոմս գնելու, բայց այդպես էլ չիմացան երբ եւ որտեղ վաճառվեցին դրանք: Այնուամենայնիվ, անտոմս երկրպագուները հույս ունեին, որ համերգը սկսելուց 5-7 րոպե անց բոլորին ներս կթողնեն: Սակայն դռները փակվեցին անտոմսների առաջ: Նույնիսկ ներս չթույլատրեցին սայլակավոր հաշմանդամին:
“Գոնե իրան թողեք, մենք չենք ուզւոմ, ամոթ ա”,-հորդորում էին դռների մոտ խմբվածները:
“Կներեք, մենք իրավասու չենք”,-պատասխանեցին հսկիչներն ու անվտանգության աշխատակիցները:
Իսկ ավելի հնարամիտ հայերը պարզապես նախընտրում էին լուսանկարվել Ազնավուրի մեծադիր ազդագրի ներքո եւ հեռանալ:
“Մեկ ա մի օր ցույց են տալու, էսօր չնայենք, մյուս օրը նայենք, ինչ ա փոխվելու”,-հույս էին տալիս նրանք:
Մանրամասները տեսանյութում: