Վարչապետն էլ դժվար իրավիճակի մեջ է. ԲՀԿ
՛՛Մենք եկել ենք տարբեր տիպի տեխնիական հարցեր ենք ներկայացնում՝ մոռանալով հիմնական նպատակը, որ բարեփոխման հիմքում դրված էր։ Անկեղծորեն, ես սպասում եմ, պարո՛ն նախարար, Ձեր հստակ պատասխանին: Անպայման ասեք՝ հիմա դուք այս ռեֆորմը առա՞ջ եք տանում, կանգա՞ռ է, թե՞ հետ եք տանում՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու Կառավարության կողմից ներկայացրած օրենքի մասին քննարկման ժամանակ, ներկայացնելով ԲՀԿ խմբակցության դիրքորոշումն, ասաց խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը: Խոսքն ուղղելով դահլիճում նստած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ Մելքումյանն ասաց, որ այդ հարցի պատասխանից է կախված ԲՀԿ-ի քվեարկությունը։ ՛՛ԲՀԿ-ի քվեարկությունը պայմանավորված կլինի մեր հարցադրումների նկատմամբ մոտեցումներով, հատկապես քաղաքական դիրքորոշում հայտնելու գնահատականներով՛՛:
Անդրադառնալով նախագծի վերաբերյալ ունեցած մտահոգություններին պատգամավորը նկատեց՝ եթե նախագծով ասվում է, որ գործատուն կարող է դիմում գրել հրաժարվել, այդ դեպքում ինչպես են գործելու ֆոնդերը։ Միքայել Մելքումյանը շեշտեց, թե 127 000 մարդու գումարներ արդեն իսկ փոխանցված են, որոնք մոտավոր կազմում են 1,4 մլրդ դրամ։ Նա հարցրեց, թե ինչ է լինելու այդ գումարի հետ։
՛՛Վարչապետը հրավիրել էր ֆոնդերի կառավարիչներին, իհարկե, նա էլ դժվար իրավիճակի մեջ է, մի կողմից դրսի ֆինասական կառույցները որոշում են կայացնելու, թե ինչ քաղաքական կամք են ցուցաբերում ռեֆորմների իրականացնելու համար, մյուս կողմից էլ հանրությանը պետք է բավարարել, որ պարտադիր չկա. սա լուրջ խնդիր է։ Չեմ կարղ արձանագրել, որ Կառավարությունը չի աշխատում, աշխատում է, փորձ է անում լուծումներ գտնել, սա պոզիտիվ է, բայց չպետք է միայն տեխնիական հարցերին անդրադառնանք, այլ նաև քաղաքական կուրսի փոփոխության միջոցով համոզեն՛՛,-եզրափակեց Մելքումյանը: