Վարչապետի սպառնալիքները նյարդայնացնում են գործարարներին. Փաստ
Կառավարության վերջին նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց գազի և բենզինի շուկայում տիրող վիճակը՝ գազի գնի բարձրացման պատճառները հասկանալու նպատակով: Քննարկումը ծավալվեց, տարբեր կարծիքներ ու պարզաբանումներ հնչեցին: Վարչապետն ամփոփեց իր՝ արդեն ավանդական դարձող սպառնալիքներով՝ իրենց բարությունից շատերը «առիթավորվում» են: Նա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին հանձնարարեց ցույց տալ, որ իշխանությունը կատակ չի անում: Իսկ այդ ընթացքում Արմավիրում գազելի վարորդները գործադուլ էին հայտարարել՝ պնդում էին, որ մայիսի 1-ից գազի խորանարդ մետրի փոխարեն կիլոգրամով վաճառքի պատճառով շատ են վճարում:
Պետք է փաստենք, որ օրենքի փոփոխությունը նախաձեռնած կառավարության տրամաբանությունը հենց դա էր՝ ապացուցել՝ բոլոր գազալցակայանները, որոնք կբարձրացնեն գազի գինը, նախկինում խաբել են խորանարդ մետրով վաճառքի մեջ ու թերլիցքավորել: Այսինքն՝ իբր բնական տեստ, որ երևան է բերում ակնհայտ գողությունը: Այս դեպքում ինչո՞ւ է դա արվում գնորդի հաշվին, և կարևորը՝ ի՞նչ է հետո լինելու: Այդ տրամաբանության մեջ գազի գինը բարձրացնողները չեն դիմանալու մրցակցությանն ու դուրս են մնալու շուկայից: Կամ՝ վարորդը շրջայց է կատարելու բոլոր լցակայանները, ուսումնասիրելու է գազի գները, հետո որոշի՝ որտեղից գնի: Ու միանգամից հարց է առաջանում, թե ինչքա՞ն գազ է ծախսելու որոնումների վրա:
Ստացվում է՝ ճի՞շտ են վարորդները, որ բողոքում են ու հայտարարում՝օրենսդրական փոփոխության կարիք չկար, թե, այնուամենայնիվ, կառավարությունն ու խորհրդարանն են ճիշտ, որ օրենսդրական փոփոխություններով փորձում են անբարեխիղճ գազալցակայանների տերերին գտնել:
Սա մի օրինակ է՝ ինչպես է իշխանությունը պայքարում, իր գնահատականով, մոնոպոլիայի դեմ, բայց պայքարի ձևերում մեթոդների ընտրությունը կարող է ստեղծել իրավիճակ, որ տնտեսության առանցքային ոլորտներին պարբերաբար ուղղվող սպառնալիքները հակառակ էֆեկտը տան: Նախ՝ ոլորտներում ոչինչ չփոխվի և, որ ավելի վտանգավոր է, հասարակությունը համոզվի, որ իշխանությունը միայն սպառնում է, իսկ վիճակը չի փոխվում:
Հարց է առաջանում՝ արդյունքը շատ ավելի մեծ կարո՞ղ է լինել, եթե Նիկոլ Փաշինյանը դադարեցնի կառավարության նիստերում ու ԱԺ-ում հայտնի ու անհայտ հասցեատերերին ուղղված «ծնոտ ջարդելու», այս ու այն կողմ ուղարկելու հայտարարությունները՝ հնարավորություն տալով պատկան մարմիններին աշխատել՝ առանց քաղաքական հետապնդման մեղադրանքի:
Վարչապետի սպառնալիքները, բացի իրավական հետևանքներից, ստեղծում են նյարդային մթնոլորտ գործարար շրջանակներում: Իսկ հետևանքը դառնում է ներդրում անելու ցանկության բացակայությունը, ի դեպ, ոչ միայն ներսում, այլև դրսից:
Ակնհայտ է, որ միայն օրինական ընտրություններով դրսից ներդրումների սպասելն անիմաստ է: Այնտեղ այդօրինակ ընտրությունները նորմա են:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: