Համաշխարհային բանկը կողմ է պարտադիր բաղադրիչին. կստանա հակահարված
Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք չեն կարող դեմ լինել այս նախագծին: Նա հիշեցրեց, որ չորս քաղաքական ուժերն ու ՛՛Դեմ եմ՛՛ շարժումը ամիսներ շարունակ պայքարում էին պարտադիր բաղադրիչի կասեցման համար, ինչը արեց Սահմանադրական դատարանը: Բուն նախագծի մեջ Մինասյանը, որպես կարևոր առաձնահատկություն, նշեց, որ Կառավարությունն առաջարկում է քաղաքացիների կամարտահայտությունը հիմքում դնելով՝ հասկանալ՝ քաղաքացին մասնակացում է համակարգին, թե ոչ: ՛՛Եթե քաղաքացին համաձայն չէ, որ իր գումարները փոխանցվեն, ապա նա դիմում է գրում, որով գործատուն պարտավորվում է վճարումներ չանել՛՛,-բացատրեց Մինասյանը:
Մինասյանը խնդրեց նախագծի հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին պարզաբանել, թե արդյոք այս օրենքով պարտադիր բաղադրիչը մնում է, թե ոչ:
Ապա ՀՅԴ պատգամավորը շեշտեց, որ արդեն լուրեր կան, որ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը ցանկանում են, որ այս համակարգը մնա, պարտադիր բաղադրիչը չհանվի: ՛՛Որևէ պարտադրանք Համաշխարհային բանկի կողմից, ցուցում պահպանել պարտադիր բաղադրիչը հակահարված է ստանալու մեր կողմից:
Սա պետք է ստանա արժանի պատասխան, մանավանդ սա որևէ տնտեսական, իրավական հիմնավորում չունի, ՀԲ-ն ու Արժույթի միջազգային հիմնադրամը մի քանի տարի առաջ հստակ ասում էին, որ Հայաստանում չի կարող գործել այս համակարգը, որովհետև այստեղ չկա արժեթղթերի զարգացած շուկա: Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք հակահարվածի՛՛,-եզրափակեց նա: